Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցները խախտումներո՞վ են աշխատել, թե՞ նրանց ապօրինաբար են ազատել աշխատանքից

Փետրվար 18,2014 15:42

Օրեր առաջ Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունն աշխատանքից ազատել էր երեք մեքենավարի՝ Անդրանիկ Գևորգյանին, Գագիկ Գալստյանին և Սևակ Հովհաննիսյանին։ Հատկանշական է այն, որ նրանք երեքն էլ աշխատանքից ազատվեցին Մետրոպոլիտենի առջև կազմակերպված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելուց երկու օր հետո: Անդրանիկ Գևորգյանը «Ազատություն» ռ/կ-ին պատմել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու՝ շեշտելով, որ ինքը Մետրոպոլիտենում 15 աշխատանքային տարիների ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ նկատողություն չի ստացել։ Սակայն ավելի ուշ՝ Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալի հետ հանդիպումից հետո Գևորգյանը փոխանցել էր, որ անձնական զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ իրենց աշխատանքից ազատել են բողոքի ակցիան կազմակերպելու և դրան մասնակցելու պատճառով:

Նշենք, որ Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներն աշխատանքից հեռացվել են փետրվարի 14-ին` Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 6-րդ մասով` գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատողի նկատմամբ անվստահության համար:

Մետրոպոլիտենի աշխատակիցներն արդեն փաստաբան ունեն: Նրանց իրավունքները դատարանում կպաշտպանի «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանը: Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանը առաջարկեց սպասել ևս մեկ շաբաթ, հետո ներկայացնել գործի մանրամասները:

Նա տեղեկացրեց, որ գործի նյութերը գտնվում են ուսումնասիրման փուլում: Այնուհետև նշեց. «Կցանկանայի հանդիպել նաև մյուս կողմի հետ, որպեսզի համակողմանիորեն ծանոթանայի գործի նյութերին»:

Մեր հարցին` այնուամենայնիվ, Մետրոպոլիտենի` աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստում անօրինականությունն  ակնհա՞յտ է: Փաստաբանը պատասխանեց.  «անօրինականությունն ակնհայտ է»:

Հավելենք նաև, որ Մետրոպոլիտենին ուղղված նամակի հեղինակները հենց վերոնշյալ երեք աշխատակիցներն են եղել` չնայած նամակը ստորագրված էր նաև բազում այլ աշխատակիցների կողմից:

Չնայած վերոնշյալ փաստերին` Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ պնդեց, թե երեք աշխատակիցներին աշխատանքից ազատելու փաստը զուգադիպություն է և կապված չէ բողոքի ակցիային մասնակցելու հետ:

Այնուհետև մանրամասնեց. «Ես քիչ առաջ զրուցում էի նրանց ղեկավարի հետ, ու պարզվեց, որ նրանք բազմաթիվ խախտումներով են աշխատել: Բազմաթիվ կանոններ կան, որոնց պետք է հետևել աշխատանքի ընթացքում, օրինակ՝ նրանք աշխատում են շարժասանդուղքի հետ, իսկ անվտանգության տեսանկյունից օտար մարդկանց իրավունք չունեն խցիկ բերել, բայց  օտար մարդիկ են բերել: Մինչև այժմ նրանց բազում նկատողություններ են արվել»: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ հիմա որոշվեց նրանց աշխատանքից հեռացնել, եթե նախկինում էլ խախտումներով են աշխատել: Նինել Վարդանյանն այսպես պատասխանեց. «Մեզ մոտ այնպես է, որ խախտումը մեկ անգամ նկատեցին, զգուշացնում են, կարգի հրավիրում, պարբերաբար ստուգում են: Հիմա տեսել են, որ նորից կրկնվում է, պետին և նաև տնօրենին է զեկուցագիր գրվել, որի հիման վրա նրանք ազատվել են աշխատանքից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728