Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերեց Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 15:30

Այսօր, վերջին նախագահական ընտրությունների տարեդարձի օրը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի պլազա» հյուրանոցում հրավիրել է հավաք՝ ազգային տարեկան ուղերձ ընթերցելու համար:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով մասնակցեց ու զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Ապա տեւական ժամանակ վիճարկում էր ընտրությունների արդյունքները, ինչն ավարտվեց ապրիլի 9-ին Երեւանի կենտրոնում ծավալված անկարգություններով եւ զորավարի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթքով՝ Ծիծեռնակաբերդում:

Հովհաննիսյանն այսօր ավանդույթի համաձայն ձեռքով բարևեց բոլոր ներկաներին, խոստովանեց, որ կարոտել է բոլորին, ապա հայտարարեց, թե այլևս թույլ չի տալու «որ իրար կարոտենք»:

Բանախոսն իր ելույթը սկսեց՝ մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով վերջերս ԵԿՄ համագումարում հայտարարել էր, որ «միայն զենքով կա փրկություն»: Րաֆֆի Հովհաննիսյանն այս առնչությամբ նկատեց. «Միգուցե համատեքստից դուրս էր ասված, լեզվի սայթաքում էր, բայց ակամա պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը սոսկ այս հարցում նրա հետ համաձայն է: Ատելության չափաբաժինն այնքան է խտացվել, և հիմնական պատասխանատուն նա է, որ շատերը մտածում են, այդ խոսքի ի կատար ածման մասին: Եվ քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել վտանգավոր և անթույլատրելի քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գտնենք այսօրվա մեր ճգնաժամին: Դրա համար թույլ տվեք մի այլ ուղղություն առաջարկել ձեզ՝ մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը»:

Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը մեջբերեց նաեւ Լուիս Լամուրայի այն խոսքերը, թե «կգա ժամանակ, երբ դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է և դա էլ կլինի սկիզբը», հայտարարեց, թե փետրվարի 18-ը անցյալի և ապագայի ջրբաժանն է և ոչ երբեք պետական արկածախնդրության:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր բացման խոսքում հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Չնայած բոլոր կանխատեսումներին, որ մրցակցություն չի լինելու, իշխանության ներկայացուցիչը առանց խնդրի հաղթելու է, հակառակ արդյունք եղավ՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իր քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա նախագահական ընտրությունները ամենակեղծված ընտրություններից էին, անգամ այդ պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ տարավ, 10 մարզկենտրոններից 7-ում հաղթեց, Հայաստանի երկրորդ քաղաքում բնակչության ավելի քան 77 տոկոսն ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա նշեց, որ չնայած սրան, իշխանությունները ձայնագողությունը մինչև վերջ ավարտին հասցրեցին:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ հույսեր է կապում ամուսնու հետ եւ վստահ է, որ դրանք արդարանալու են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728