Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոտանի ՀԷԿ-երի հետ վաճառվել է նաեւ Սեւանի ջուրը (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 15:21

Սեւանա լճից տարեկան 70 միլիոն խմ ջուր բաց թողնելու ՀՀ կառավարության որոշումը «Սեւան Ազգային պարկի» նախկին տնօրեն Դավիթ Սուխուդյանը անթույլատրելի է համարում, հատկապես, որ այն լինելու է հինգ տարի շարունակ: Մասնագետը նշում է, որ տարեկան 170 միլիոն արդեն վերցնում են Սեւանից, գումարած այդ 70 միլիոնն էլ, կստացվի տարեկան 240 միլիոն:

Պարոն Սուխուդյանը գտնում է, որ կառավարության պատճառաբանությունը, թե Սեւանի ջրով պետք է փրկեն Արարատյան դաշտավայրի շուրջ 8000 գյուղատնտեսներին, որոնց այգիները չորանում են ջուր չլինելու պատճառով, ուղղակի պատրվակ է, քանի որ նրա համոզմամբ, եթե 500-ից ավելի ապօրինի հոր շահագործողները փակեն այդ հորերը, որոնք անխնա օգտագործում են Արարատյան դաշտավայրի հորերի ջրերը, ապա գյուղատնտեսները շատ լավ էլ ջուր կունենան:

Դավիթ Սուխուդյանը գտնում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը նույնպես մեծ վնասներ կհասցնի Սեւանին, քանի որ ՀԷԿ-երի համալիրի հետ վաճառվել է նաեւ 4 ջրամբար, որոնցից մեկի` Սպանդարյանի ջրամբարով 160 միլիոն խմ հավելյալ ջուր է բերում Սեւանին:

Նախկին տնօրենի վստահեցմամբ, այդ քանակի ջուր Սեւանից վերցնելու դեպքում, լճի համար խիստ վնասակար է. «Մենք կունենանք Սեւանի մակարդակի անկում, որն իր հետեւից կբերի բնապահպանական բացասական երեւույթներ`ջրիմուռների ավելացում, ճահճացում, որն ամենավտանգավորն է Սեւանի համար»:

Մինչդեռ Դավիթ Սուխուդյանը գտնում է, որ Սեւանա լիճը պետք է դիտվի որպես քաղցրահամ ջրի պաշար. «Շատ երկրներում ջուրը նավթից թանկ է եւ այդ առումով մոտ ապագայում մենք այս տարածաշրջանում կլինեինք իշխող: 10-15 տարի հետո ջուրը կունենա ոսկու գին»:

Դ. Սուխուդյանի խոսքերով, Սեւանի ավազանում տեղի ունեցող հանքարդյունաբերությունը նույնպես մեծ վնասներ է հասցնում լճի էկոհամակարգին: Մասնավորապես «Սոթքի» հանքավայրի շահագործման պատճառով սարերը փշրվում են, եւ ապարները լցվում են գետերը, որոնք էլ այդ ապարները բերում են լցնում Սեւանա լիճ: Բնակչության մեղքը Սեւանա լճի աղտոտման հարցում եւս կա. Սեւանի այն վտակները, որոնք անցնում են գյուղերի միջով, կոյուղաջրերով ողողված գետի ջուրն իրենց հետ բերում են Սեւան: Դ. Սուխուդյանի ներկայացմամբ, Սեւանի ամենամաքուր վտակը Արփա վտակն է, որը չէր անցնում գյուղերի միջով:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728