Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անտաշյան. «Գիրք գնելով, նվիրելով և կարդալով է, որ մենք մի քայլ առաջ ենք գնում»:

Փետրվար 18,2014 14:57

Փետրվարի 19-ը համարվում է «Գիրք նվիրելու օր»: Այս առիթով փետրվարի 18-ին «Հայելի» մամուլի ակումբի հյուրերն էին գրականագետ Վարդան Դևրիկյանը և բանաստեղծ Կարեն Անտաշյանը:

Պրն Դևրիկյանը խոսք է տվել ամեն տարի այս օրվա առիթով մեկ գիրք հրատարակել՝ հատկապես Թումանյանի գործերին նվիրված:

Տարեցտարի տոնի հանրային հնչեղությունը մեծանում է: Գրախանութներն ակտիվ օգտագործում են այս առիթը, որպեսզի ևս մեկ անգամ հանրայնացնեն գրքերը և դրանց ընթերցանությունը: Պարոն Անտաշյանի խոսքերով՝ գրականության հանրայնացման հարցն այժմ շատ հաճախ հանգում է հենց գրական շուկայի կայացման հարցին: «Որքանով հիշում եմ՝ այժմ «Զանգակ» հրատարակչությունը, «Անտարեսը», «Բյուրոկրատ» և «Բուկինիստ» գրախանութներն ունեն հատուկ ակցիաներ, որոնք նվիրված են գիրք նվիրելու օրվան,- ասաց պրն Անտաշյանը և կոչ արեց օգտվել այս առիթից և միմյանց գիրք նվիրել,-գիրք գնելով, նվիրելով և կարդալով է, որ մենք մի քայլ առաջ ենք գնում: Գիրք գնելը թիթիզություն չէ, սա հասարակության կայացման , ժողովրդի աշխարհընկալման համար է»:

Գրողը կարևորեց նաև երեխաների ընթերցանությունը: Ոչ միայն գեղարվեստական գրականության, այլև՝ մասնագիտական:

Պրն Դևրիկյանը, ինչպես արդեն նշեցինք, խոսք է տվել ամեն տարի այս օրվա նախօրեին մեկ գիրք տպագրել, նա այս ավանդույթը համեմատեց «Հեղնար աղբյուրի» հետ, ասելով. «Եթե ամբողջ նյութը, որը կա ձեռքիս տակ, միանգամից տպեմ, արդեն ոչինչ չեմ ունենա տպելու ու դուրս կգա՝ սպառված եմ, դրա համար որոշել եմ ամեն տարի մի տեսանկյունից ներկայացնեմ Թումանյանին»:

Ասուլիսի ժամանակ պրն Դևրիկյանը ներկայացրեց իր նոր գիրքը, որը Հովհաննես Թումանյանի «Ախթամարի» վերլուծությունն է:

Vardan Devrikyan

Նրա խոսքերով՝ Թումանյանի հետ կապվում է 3 հասկացություն: Առաջինը՝ նրան կոչում են Ամենայն հայոց բանաստեղծ, երկրորդ՝ Թումանյանի հետ է կապվում վարդ նվիրելու հասկացությունը և երրորդը հանդարտության, խաղաղության հասկացությունն է: Պրն Դևրիկյանն առջարկեց այս «Գիրք նվիրելու օրը» հռչակել խաղաղության օր:

Պրն Անտաշյանն անդրադարձավ նաև ժամանակակից գրականությանը: «Ժամանակակից գրականությունը փորձում է թոթափել իր վրայից այն բեռը, որը նախկինում դրված է եղել իր ուսերին, այն է՝ լինել որևէ բան գրականությունից բացի: Մեր դասականները շատ հաճախ ստիպված են եղել իրենց վրա վերցնելու քաղաքական ծանր վիճակները ներկայացնողի, ազգ դաստիարակողի, բարոյախոսություն, հայրենասիրություն տարածողների դերը: Այդ պատճառով մեր դասականներն ավելի պակաս հետաքրքիր են դարձել պատրաստի ընթերցողի համար, քան նախկինում»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728