Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Օսիկյանը՝ ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդների մասին. «Չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի 4 տարի հետո» (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 14:52

ՀՀ կառավարությունը օրինագիծ է պատրաստել «Ոստիկանական պահպանության մասին», որով կարգավորվում է պետական պահպանության այդ տեսակի՝ ոստիկանական պահպանության ոլորտը, բացի այդ, հստակ տարանջատվում է մասնավոր պահնորդության ոլորտը՝ ոստիկանական պահպանությունից:

Օրինագիծն այսօր քննարկվում էր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում:

DSCN5147Օրինագծի քննարկման ժամանակ մի քանի անգամ խոսվեց այն մասին, որ ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդական գործունեության միջեւ հստակ շահերի բախում կա: Օրինագծի քննարկմանը ներկա էր նաեւ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանը, ով նախկինում արդեն բարձրաձայնել է այս շահերի բախման մասին

Hovhannes Petrosyan

Նա բարձրացրեց այն խնդիրները, որոնց առջեւ կկանգնեն մասնավոր պահնորդական ընկերությունները, մասնավորապես, նրան հետաքրքրում էր, թե ո՞ր օբյեկտների պահպանումն է այս օրենքով հանձնվելու ոստիկանությանը, մտահոգվելով, որ գուցե այդ պարագայում իրենք խնդրի առաջ կանգնեն՝ եթե նախկինում իրենք՝ մասնավոր ընկերություններն էին իրականացնում այդ օբյեկտների պահպանումը եւ հիմա կանգնեն պայմանագրային պարտավորությունների չկատարման խնդրի առաջ:

Օրենքը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը թվարկեց  պետական պահպանման ենթակա կարեւորագույն օբյեկտները՝ ատոմակայան, ՋԷԿ-եր, ՀԷԿ-եր, ջրամբարներ եւ այլն, նաեւ անդրադարձավ մինչ այդ Հովհաննես Պետրոսյանի կողմից բարձրացված խնդրին՝ ոստիկանության կողմից մասնավոր պահնորդների որակավորման անցկացման եւ լիցենզավորման վերաբերյալ: Բանն այն է, որ ոստիկանությունն ինքը պատրաստում է պահնորդներ, սակայն նաեւ լիցենզավորում է մասնավորներին, եւ այս առումով շահերի բախման վերաբերյալ հանձնաժողովում խոսեց նաեւ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ինչպես նաեւ օրինագծի հարակից զեկուցող, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Փոխոստիկանապետը հիշեց, որ ինքը եւս եղել է որակավորման հանձնաժողովի անդամ, եւ տեսել է, որ հաճախ մասնավոր պահնորդները տարրական գիտելիքներ չունեն՝ պահնորդական գործունեության մասին, եւ այս պարագայում անհնար է նրանց վստահել պետական կարեւորագույն օբյեկտների պահպանությունը՝ «որ ձեր գլխին էլ փորձանք չբերեն, պարոն Պետրոսյան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կորյուն Նահապետյանը շեշտադրեց, որ պետք է նկատի ունենալ, որ ի վերջո՝ 2018 թվականին կլինի, թե երբ, պետք է հասնել նրան, որ ոլորտն ամբողջովին անցնի մասնավորին, եւ պետությունն արդեն ունի օրենք՝ մասնավոր պահնորդական գործունեության մասին, եւ պարտավորվել է ոլորտը հանձնել մասնավորին, ու այս օրինագծով խանգարում է այդ գործընթացին:

Իր հերթին՝ Հովհաննես Պետրոսյանը Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց՝ 2018-ից հետո կանցնի՞ մասնավորին, թե ոստիկանությունը կասի՝ մենք պայմանագրեր ունենք, չենք կարող չկատարել պայմանագրային պարտավորությունները, ինչին ի պատասխան փոխոստիկանապետն ասաց, որ ինքը գուշակ չի, որ կանխագուշակի, թե ի՞նչ կլինի չորս տարի հետո:

Այդուհանդերձ, որոշվեց դրական եզրակացություն տալ այս օրինագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ ռազմարդյունաբերական համալիրի մասին օրինագծին եւ ընդունեց իր կազմում նոր անդամի՝ հանձնաժողովի տեղակալ ԲՀԿ-ական Գրիգորի Գրիգորյանին փոխարինած Աբրահամ Մանուկյանին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728