Լրահոս
Օրվա լրահոսը

«Զադնի չկա-ի» հեռահար կանոնն՝ ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի (Տեսանյութ)

Փետրվար 18,2014 14:24

«Սա է «զադնի չկա-ի» հեռահար կանոնը : Այս ամբողջ ընթացքում հետընտրական պայքարի թափը երբեք չի կոտրվել»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահական ընտրությունների մեկ ամյակի կապակցությամբ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ: Նա մեջբերեց Նելսոն Մանդելայի խոսքերը՝ ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել ամեն իմաստությունից հետո: Ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքն այսօր բավականին համեմված էր տարբեր ժամանակների մեծերից մեջբերումներով: «Ժառանգությունը» և նրա մարտիկները չեն լքել մարտադաշտը»,- ասաց բանախոսը: Նրա խոսքով՝ պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ անհնար է «Ժառանգությանը» հետ պահել պայքարի ուղուց, քանի որ նաեւ «ժողովրդի հավատն անմար է, ձգտումն՝ արդարացի»:

«Թող ոչ ոք զուր հույսեր չփայփայի՝ «Ժառանգությունը» միշտ եղել է և կլինի հանրության, իրենց իրավունքների համար ոտքի ելածների, երիտասարդների և ազատամարտիկների կողքին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը`հորդորելով. «Այսպես մինչև ո՞ւր կհասնենք, ինչպես կասեցնենք գահավիժումը»: Նրա խոսքով՝ ապօրինի իշխանությունը մեկուսացնում է երկիրը ու այն, ինչ ունենք այսօր, ապօրինի իշխանության վերարտադրության արդյունքն է: Գործող նախագահն, ըստ նրա, միջազգային ատյաններում մեկուսացրեց Հայաստանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վասալային փոխգործակցության աշխատաոճն է իշխում. «Մեկ գիշերվա մեջ գիծ քաշվեց Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի ուղղությամբ տարված աշխատանքի վրա՝ հօգուտ մշուշոտ ապագայով Մաքսային միության»: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը ստորացուցիչ պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի հետ, օրինակ բերելով գազային պայմանագրերը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների համակարգի ձևավորման չմտածված համագործակցությունը սպառնում է խախտել տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությունը, քանի որ պաշտոնական Մոսկվան չի խորշում զենք վաճառել Ադրբեջանին:

Նրա խոսքով՝ իշխանությունները հասարակության վզին են փաթաթվում նոր օրենքներ, որոնք օրինականացված ռեկետ են. «Այս ամենը հարստահարման մի մեծ ու ծանր շղթա է՝ փաթաթված առանց այն էլ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների վզին: Իսկ քաղաքացիների հետ հաշվի չեն նստում: Փոխարենը օրինականացված ռեկետը ներկայացնում են որպես պատմական բարեփոխում»:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին՝ նշելով, որ Շանթ Հարությունյանը հավանաբար վերջին քաղբանտարկյալը չէ ու պահանջեց նրա և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակումը: Նա նշեց, որ իրենց նպատակը արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելն է: Ժողովրդի ակտիվությունն, ըստ բանախոսի, փաստում է, որ վարչախումբը դատապարտված է ձախողման: Որ երկրում կստեղծեն ազատ ընտրությունների ձևավորման մեխանիզմներ, կընտրվի օրինական իշխանություն, ժողովրդին ոչ ոք չի կարող խաբել`Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, այլընտրանք չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728