Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեգործ. «Հայաստանի համար ամենակարեւոր շուկան Ռուսաստանում է»

Փետրվար 18,2014 14:19

«Կարաս» գինիների պրոյեկտի պատասխանատու Վահե Քեուշգուերյանը այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ներկայացրեց Հայաստանում գինեգործության պոտենցիալը. «Հայաստանի գինեգործության զարգացման փուլն արդեն սկսված է: Հայաստանի բոլոր հայտնի գործարանները գինին արդեն պատրաստում են նոր տեխնոլոգիաներով»:

Պրն Քեուշգուերյանը վստահեցնում է, որ Հայաստանից մեծ քանակությամբ գինի է արտահանվում արտերկիր. «Գինու միայն մի փոքր մասն է մնում Հայաստանում: Մնացածը արտահանում ենք: Արտահանման ամենամեծ ծավալները Ռուսաստանում են, հետո Սովետական Միության մյուս երկրներում: Գինի է արտահանվում նաեւ եվրոպական եւ ամերիկյան այն տարածքները, որոնք ավելի շատ բնակեցված են հայերով: Մեզ համար, չնայած, ամենակարեւոր շուկան Ռուսաստանի շուկան է, մանավանդ ՄՄ մտնելուց հետո գինիների վաճառքը ավելի կհեշտանա այնտեղ»:

Նրա խոսքերով, արտերկրում մարդիկ արդեն աստիճանաբար սկսում են ծանոթանալ հայկական գինուն. «Շատերի մոտ տարածված է այն կարծիքը, որ հայերը խաղողից սարքում են միայն կոնյակ»:

Սակայն պրն Քեուշգուերյանը նշում է, որ Հայաստանում բավականաչափ խաղողի այգիներ չկան:«Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի մի քանի տարուց Արենու, Ղարաբաղի եւ Արտաշատի խաղողի այգիները տան առատ բերք: Պրն Քեուշգուերյանը նաեւ կարծում է, որ Հայաստանում մասնագիտացված գինեգործների պակաս կա. «Ես միայն մոտ 5 գործարան գիտեմ Հայաստանում, որտեղ բոլոր գինեգործները եկել են արտասահմանից՝ հիմնականում՝ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից»:

Խոսելով Հայաստանում գինեգործության հետ կապված խնդիրների մասին՝ պրն Քեուշգուերյանը նշեց, որ քանի որ Հայաստանում Ֆիլոքսերիա խաղողի հիվանդությունը այդքան տարածված չէ, որքան արտերկրում, ապա հիմնականում գինի պատրաստելիս օգտագործվում են հայկական խաղողի տեսակներ, սակայն դա էլ չի բավականացնում գինի պատրաստելու համար. «Իհարկե հնարավոր չէ միայն հայկական խաղողի տեսակներով գինի պատրաստել: Այդ իսկ պատճառով, օգտագործում ենք նաեւ արտասահմանից ներմուծված խաղող: Իսկ օրինակ, այն խաղողի տեսակները, որոնք աճում են միայն Հայաստանում, մարկետինգի տեսանկյունից մեզ համար շատ ձեռնտու են»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728