Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքը գործի» վերածելու հարմար առիթ

Փետրվար 18,2014 14:30

Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է ռուսական կողմի հետ բանակցել

Շաբաթ օրը կայացած երկու միջոցառումներում ապաքաղաքական ելույթներ հնչեցին, մեկը՝ Սերժ Սարգսյանի, մյուսը՝ Գագիկ Ծառուկյանի կողմից։

Սերժ Սարգսյանը Երկրապահ կամավորականների միության համագումարում թեեւ խոստովանեց, որ վերջին տարիներին ներդրումները երկրում քչացել են, սակայն, ըստ նրա, դա ժամանակավոր է, մեր տնտեսությունը «առողջ» է ու «ամուր»: Կենսաթոշակային համակարգի շուրջ բարձրացված աղմուկին Ս. Սարգսյանը հակադարձեց, թե այս պահին բնակչությունից 5 տոկոսը պահելով՝ նեղություն են պատճառում, բայց դա «ապագայամետ ծրագիր» է:

Ինչ վերաբերում է գազային պայմանագրերին, ապա նրա համոզմամբ՝ այդ պայմանագրերը այնքան հաջողված են, որ որոշ ընդդիմադիրներ այդ պատճառով նախանձից եւ կատաղությունից փորձում են դրանք որպես վատ եւ ոչ ձեռնտու պայմանագրեր ներկայացնել։ Գազի գնի ավելի վաղ բարձրացմանը եւ 300 միլիոն դոլար կուտակված պարտքին գալով` նա նշեց, թե երբեք չի հերքել, որ գինը բարձրացել է, այլ ասել է, որ սպառողների համար այն չի թանկանա։ Ռուսական կողմը, նրա խոսքով, պահանջեց միայն 300 միլիոն դոլարի կեսը, ինչի փոխարեն «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի վերջին 20 տոկոսը: Սա, Սերժ Սարգսյանի կարծիքով, հաջողված գործարք էր, քանի որ շուկայական գներից էականորեն թանկ են վաճառել բաժնեմասը. «Որեւէ մեկը՝ էդ որ տարբեր հարթակներում խոսում են՝ Ազգային ժողովից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան, ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ՝ թող գնա անի, թող բերի՝ ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ»:

Թե որքանով հասարակությանն այսօր հետաքրքրող հարցերի պատասխաններ տվեց Սերժ Սարգսյանն իր ելույթում, եւ որքանով էր այն համահունչ ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին` այլ հարց է: Իշխանությունների ադեկվատությունն օր օրի ավելի անհասկանալի է դառնում, իսկ հակադարձումները, թե մենք այսքան ենք կարողանում, բոլորովին էլ չեն արդարացնում իշխանությունների քայլերը:

«Այլընտրանք» համարվող ԲՀԿ հերթական համագումարում էլ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն պետք է դառնա «ժողովրդի խոսափող», իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք, հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար, սկզբունքային ու համախմբող ուժ: Ծառուկյանը թվարկեց առկա լուրջ խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանի հասարակությունը` արտագաղթ, տնտեսական խնդիրներ, արդարության խնդիր, օտարերկրյա ներդրումների նվազում: «Մարդն իր կենսամակարդակի բարելավումը պետք է իր աչքերով տեսնի, զգա փոփոխություններն իր ընտանիքում եւ իր շրջապատում: Ոչ մի գունավոր գրաֆիկներով մարդուն այսօր չես մոլորեցնի: Հանրապետությունում իրականացվող տնտեսական եւ սոցիալական անպտուղ քաղաքականության պարզ օրինակ է կենսաթոշակային, այսպես կոչված, ռեֆորմը: Սրանից ավելի անմարդկային եւ անարդյունավետ քայլ ես չեմ էլ պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»:

Ըստ էության, Ծառուկյանը շարունակեց Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը` ուղղված վարչապետի «գունավոր» աղյուսակներով պարզաբանումներին: Առհասարակ, Ծառուկյանի ելույթը մեծ ոգեւորություն է առաջացրել դաշնակից ՀԱԿ-ի շարքերում: Այդ ելույթը «այլընտրանքից» դեպի գրեթե ընդդիմություն անցնելու գործում լուրջ հայտ է գնահատվում, իսկ ԲՀԿ համագումարը ՀԱԿ-ում համարում են, որ նոր հույսեր է արթնացրել եւ համատեղ աշխատանքի նոր հնարավորություններ ստեղծել:

ԲՀԿ նախագահն, այնուամենայնիվ, նշեց, որ որքան էլ դժվար ու բարդ լինեն խնդիրները, դրանք լուծելի են: ԲՀԿ-ն քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկեց կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ: Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին, ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, լուծումներ գտնելու, պատրաստ է գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, համոզել վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն: Պարզվեց նաեւ, որ Ծառուկյանը պատրաստ է «ցանկացած զարգացման», «ցանկացած սցենարի», իսկ երբ կգա այն օրը, երբ երկրում արված կլինեն անհրաժեշտ փոփոխությունները` Ծառուկյանը «մեծ սիրով» կհեռանա քաղաքականությունից:

Օրակարգում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ կառավարության հրաժարականի խնդիր ունեցող կուսակցության համար Ծառուկյանի ելույթը, գուցե, բարի ցանկություններով համեմված հաջողված ելույթ էր: Սակայն «ցանկացած սցենարի պատրաստ» կուսակցության առաջնորդը, եթե մինչ այժմ չի մտորել մի թեմայի շուրջ, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԲՀԿ նախագահը կարող է ԲՀԿ-ի «խոսքը գործի» վերածել:

Օրինակ՝ երբ Ս. Սարգսյանը «գազային» պայմանագրի առնչությամբ նշեց, թե` ով կարող է գնալ, բանակցել ռուսական կողմի հետ ու ավելի էժան, ավելի լավ պայմաններով գազ բերել՝ թող բերի, եւ նա մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարի: Այս առումով Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է ռուսական կողմի հետ բանակցել «գազային» խնդրով` իր ռուսաստանյան կապերը գործի դնելով, որպեսզի Հայաստանի հասարակությունն ավելի էժան վճարի գազի համար…

Սա հասարակության հուզող խնդիրներից մեկն է, որի լուծման ճանապարհին «ցանկացած գումար դնելով»՝ Գագիկ Ծառուկյանը կարող է օգտակար լինել եւ կանգնել հասարակության կողքին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարը`Photolur-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728