Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

Փետրվար 18,2014 14:04

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը: 2013թ. ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան, և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու: Իսկ համեմատաբար վատ ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին կհորդորեմ վերանայել իրենց աշխատակազմերի աշխատանքն ու խստորեն հետևել ըստ ոլորտների իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը՝ հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է:

Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջաններ կատարած պարբերական աշխատանքային այցերի շրջանակում է անձամբ հնարավորություն ունենում հենց տեղում տեսնելու և գնահատելու արվածն ու, ըստ այդմ, հանձնարարել է առավել հետևողական լինել տարեկան ծրագրերով նախանշված աշխատանքների սահմանված ժամանակացույցով և որակով կատարման ապահովմանը. «Բազմիցս նշել եմ, որ մայրաքաղաքում իրականացվող աշխատանքների ամենաարդարացի գնահատականը մեր բնակիչներն են տալիս: Բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են, ու նաև նրանց աշխատանքով է պայմանավորված երևանցիների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Եվ ուրեմն եղեք հետևողական ու աշխատեք այնպես, որ մեր համաքաղաքացիները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից», – շեշտել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728