Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահների օրը

Փետրվար 18,2014 14:15

Սովորական եւ նաեւ հիշարժան օր էր: Նախագահական նստավայրում երկրի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախկին նախագահի եւ նրա կնոջ դիմանկարների տեղադրման պաշտոնական արարողությունը:

2012 թվականի հունիսին էր: Բարաք Օբաման ասաց. «Պնդում են, որ ոչ ոք չի կարող մինչեւ վերջ հասկանալ, թե ինչ է նշանակում նախագահ լինել՝ մինչեւ առաջին անգամ չնստի նախագահական աթոռին եւ չզգա իր առաքելության ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը: Եվ այդ պնդումները ճիշտ են: Հիմա, երեք ու կես տարի այս առանձնասենյակում նստելուց հետո, ես ավելի խորն եմ ընկալում այն մարտահրավերները, որոնց հետ գործ են ունեցել նախագահները եւ, մասնավորապես, նախագահ Բուշը, որին ես անմիջականորեն փոխարինել եմ այս սենյակում: Այս աշխատանքում ոչ մի որոշում հեշտ չի կայացվում: Յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը: Եվ որքան էլ եռանդուն աշխատես, չես կարող երջանկացնել բոլորին: Կարծում եմ, սա մի իրողություն է, որը թե՛ ես, թե՛ նախագահ Բուշը հասկացանք շատ արագ»:
Ջորջ Բուշն արձագանքեց. «Ուրախ եմ, որ այժմ, երբ այս սենյակում ոչ դյուրին որոշումներ կայացնելիս լինեք, միգուցե մի պահ էլ հայացք կձգեք իմ դիմանկարին ու կմտածեք՝ «Իսկ ինչպե՞ս կվարվեր Ջորջը»:

Հայաստանում նման ավանդույթ չկա: Ափսոս: Եթե նախկին նախագահների դիմանկարները հանդիսավոր պայմաններում, նրանց ներկայությամբ տեղադրվեին նախագահականում, միգուցե իրենք՝ նախկին նախագահները, այդքան չէին ձգտի վերադառնալ նախագահական: Եվ օրինակ կվերցնեին Վլադիմիր Մովսիսյանից, որը ժամանակին Գերագույն խորհրդի ղեկավարի համար անզիջում պայքարում պարտվելուց հետո տարիներ անց՝ հերթական նախագահական ընտրությունների նախօրեին, լրագրողի հարցին, թե արդյո՞ք կրկին չի պատրաստվում պայքարել երկրի բարձրագույն պաշտոնի համար, շատ հակիրճ պատասխանեց՝ «Մովսիսյանը ունեցել է իր ժամանակը: Մովսիսյանը կմնա Մովսիսյան»:

Ի դեպ, Ամերիկայի նախկին նախագահները, թեեւ կրկին նախագահ դառնալու հեռանկար չունեն, բայց շատ հանգիստ կարող են ընտրվել կոնգրեսական, սենատոր, նահանգապետ եւ նույնիսկ՝ փոխնախագահ: Միացյալ Նահանգների ավելի քան երկուհարյուրամյա պատմության մեջ նման ԳԵԹ ՄԻ ԴԵՊՔ չի եղել: Հեռանալուց հետո Ամերիկայի հինգ տասնյակ նախագահներից եւ ոչ մեկը այլեւս փորձ չի արել վերադառնալ մեծ քաղաքականություն:

Նորանկախ Հայաստանի ողջ պատմությունը՝ վերադարձի պատմություն է: Դրա հիմքը դրեց ընդամենը մի բառ՝ «ԱՆԸՆԴՄԵՋ»: Եթե հնարավոր լիներ հետ գնալ եւ օրենսդրությունից հանել այդ գայթակղիչ ու խառնակիչ բառը, Հայաստանի պատմությունը երեւի թե այլ հունով կընթանար: Բայց Սահմանադրության մեջ ամրագրված է, որ նույն անձը չի կարող Հայաստանի նախագահ ընտրվել ավելի քան երկու անգամ ԱՆԸՆԴՄԵՋ:
Ու սկսվեց վերադարձի ավանդույթը: Նախ վերադարձավ Կարեն Դեմիրճյանը: Պաշտոնապես, իհարկե, երբեք Հայաստանի նախագահ չէր եղել, բայց դժվար թե որեւէ մեկը հերքի, որ ժամանակին Կոմունիստական կուսակցության առաջնորդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանի նախագահ՝ Կրեմլի հավանությամբ: Ասում են՝ հիմա էլ է այդպես: Թողնենք առանց մեկնաբանության:

Հետո վերադարձավ Հայաստանի առաջին նախագահը: Ընդ որում՝ «վերադարձ» բառն, իհարկե, խիստ պայմանական է, որովհետեւ ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում առայժմ որեւէ նման փորձ հաջողությամբ չի պսակվել: Եվ այս առումով Հայաստանը նման է Ֆիլիպիններին, որտեղ նույնպես նման օրենսդրական հնարավորություն կա, եւ երեք նախկին նախագահներ դրանից օգտվել են: Երեքից որեւէ մեկին չի հաջողվել կրկին նախագահ դառնալ:

Մինչդեռ վերադարձի մասին խոսակցությունները Հայաստանում հիմա էլ չեն դադարում, մանավանդ երկրորդ նախագահի վերջին խիստ քննադատական մեկնաբանություններից հետո:

Եթե կարծում եք, թե Ամերիկայում նախագահներն իրենց նախորդների դիմանկարներն են տեղադրում նախագահականում եւ ձեռնպահ մնում միմյանց քննադատելուց, սխալվում եք:

Վերցրեք թեկուզ Հարի Թրումենին: Իհարկե, այդ գործիչը շատ մեծ ակնածանքով էր վերաբերվում իր նախորդներին, հատկապես՝ Ջորջ Վաշինգտոնին, Աբրահամ Լինքոլնին, Վուդրո Վիլսոնին եւ Ֆրանկլին Ռուզվելտին: Իսկ Էնդրյու Ջեքսոնի մասին մի անգամ այսպես է արտահայտվել. «Նա անկեղծորեն ուզում էր հոգ տանել հասարակ մարդու մասին, որին ոչ ոք չի աջակցում: Եվ դա հենց այն է, ինչին կոչված է նախագահը»: Բայց հայտնի է նաեւ Թրումենի բնորոշումը, որը նա տվել է Դուայթ Էյզենհաուերին. «Այդ մարդը երբեք չհամակերպվեց քննադատությանը: Նա այդպես էլ չգիտակցեց, որ այդպիսին է քաղաքականության էությունը: Նա սովոր էր, որ բոլորը համբուրեն իր հետույքը»: Կներեք արտահայտության համար:

Թրումենը չի թաքցրել նաեւ իր կարծիքը Ռիչարդ Նիքսոնի մասին. «Անաստված սուտասանի մեկն էր, եւ մարդիկ դա շատ լավ գիտեին: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես էր 1960 թվականին նա այդքան մոտ նախագահ ընտրվելուն: Ախր, իսկի մի նահանգ էլ չէր կարողանում կառավարել»:

Ճիշտ է, էստեղ մի մեծ տարբերություն կա հայաստանյան իրականության հետ: Այս գնահատականները Հարի Թրումենը տվել է իր հուշերում կամ մասնավոր խոսակցություններում, պաշտոնավարելուց տարիներ անց, երբ ոչ իշխանության համար կռիվ, ոչ էլ վերադառնալու խնդիր կար: Պարզապես զուտ իր անձնական մարդկային կարծիքն է արտահայտել:

Մեզ մոտ նախագահների՝ միմյանց նկատմամբ քննադատությունը նախկին ու ներկա իրականությունը այս կամ այն կերպ իրենց համար շահեկանորեն ներկայացնելու պայքար է: Ներկան ու անցյալն արդարացնելու պայքար: Մարդկանց համոզելու փորձ: Ափսոս, որ հասարակ քաղաքացու համար դրանից բացարձակ ոչինչ չի փոխվում:

Բայց եւ համաձայնեք՝ ծանր է հայաստանցի նախագահների ճակատագիրը: Նախկին դարձար՝ ոչ միայն դիմանկարդ չեն փակցնելու նախագահականում, այլեւ ստիպված ես լինելու ապացուցել, որ հրաշալի ես պաշտոնավարել, իսկ քեզանից հետո եկածները սխալ ուղիով են ընթացել: Շատ ավելի ծանր է գործող նախագահների խնդիրը: Երեք ճակատով պիտի աշխատես: Նախ, պիտի ժողովրդին համոզես, որ այսօր լավ է, իսկ վաղն ավելի լավ կլինի: Դրան զուգահեռ պետք է բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես քո վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների օգնությամբ ապացուցես, որ լավն ես, իսկ հակառակը պնդողները նվնվացողներ են: Եվ վերջապես՝ անընդհատ պիտի պաշտպանվես նախկինների քննադատությունից:

Մի խոսքով, նախագահների օրն էլ օր չի:

Իսկ ամերիկացիները երեկ նշում էին Նախագահների օրը: Այո, այդպիսի օր ունեն, որը նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը:

Մեզ մոտ չկա նման օր. միգուցե հենց նրանից է, որ նախագահների օրը մեզ մոտ օր չէ:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Հ. Գ. Ժողովրդի օր էլ չկա մեզ մոտ: Երեւի նույն պատճառով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Դուրեկան հումորով գրված հրաշալի վերլուծական էր, որը պարունակում էր նաև հետաքրքիր տեղեկություններ: Հոդվածի վերջնամասը կատարյալ էր:

    Հ.Գ. Կեցցեք…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728