Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական անպատժելիություն

Փետրվար 18,2014 13:40

ԵԿՄ եւ ԲՀԿ համագումարներն, իհարկե, շատ հետաքրքիր են, դրանցում հնչած ելույթները՝ նույնպես, բայց ես չէի ցանկանա, որ այդ իրադարձությունները ստվերեին դրանից առաջ տեղի ունեցածը՝ ՀՀԿ-ական եւ ՀԱԿ-ական երիտասարդների ընդհարումը, որին արդեն անդրադարձել եմ, եւ ֆոտոլրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառած բռնությունը:

Ինչո՞ւ է կարեւոր դրա մասին չմոռանալ: Որովհետեւ քաղաքական գործիչները, կուսակցությունները կգան-կգնան, կդառնան իշխանություն, ընդդիմություն կամ թոշակառու, կկռվեն-կբարիշեն (ի դեպ, եւս մի պատճառ, թե ինչու պետք չէ նրանց ասածները հալած յուղի տեղ դնել), իսկ մենք՝ լրագրողներս, կշարունակենք դա լուսաբանել: Եվ մեզ այդ հնարավորությունը պետք է տրվի անվերապահորեն՝ օրենքի սահմաններում: Եթե ընդդիմության ակցիաների կամ ընդհանրապես զանգվածային միջոցառումների ժամանակ դուք, հարգարժան ոստիկաններ, ոչ մի հակաօրինական բան չեք անում, ապա որտեղի՞ց է այդ մոլուցքը՝ անպայման մեզնից տեսախցիկ կամ ֆոտոխցիկ խլելու: Թողեք՝ նկարահանենք, հետո բացատրեք, որ, այո, մենք ձեռնարկել ենք ահա այս գործողությունները, ահա այս նպատակով, այս օրենքի համաձայն: Եթե ձեր՝ ոստիկաններիդ, պրոֆեսիոնալիզմը դրա համար չի հերիքում կամ՝ եթե դուք իրականում խաղում եք «սաքուլիկ-հայկուլիկների» հետ մի թիմում, ապա դա բացարձակապես մեր՝ լրագրողների գործը չէ:

Կա ստանդարտ արդարացում՝ «լրագրողներն իրենք են սադրում»: Տեսականորեն հնարավոր է: Բայց այդ դեպքում դուք պետք է ունենաք տեսագրություն, որն ապացուցում է, որ Անին ձեզ սադրել է, որը, որքան հասկանում եմ, չկա: Բայց եթե նույնիսկ այդպես լիներ, հարց է ծագում՝ իսկ ի՞նչ եք դուք անում ձեր բազմաթիվ «թրեյնինգների» ժամանակ, որոնք կազմակերպվում են, այդ թվում՝ նաեւ միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներով: Չէ՞ որ այդ «թրեյնինգների» նպատակը հենց դա է: Իհարկե, չեմ կարող պատասխան տալ Հայաստանի բոլոր լրագրողների համար: Բայց «Առավոտի» լրագրողների համար պատասխան եմ տալիս, ինչպես ասում են, գլխով: Երբ մեր աշխատակից Գոհար Հակոբյանը գնում է լուսաբանելու Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությունը, ապա նա որեւէ մտադրություն չունի քաղաքապետին «վատություն անելու» եւ որեւէ նախատրամադրվածություն չունի նրա դեմ: Եվ երբ վերոհիշյալ «սաքուլիկները» նրան խոչընդոտում են, հրում են եւ սեռական բնույթի հայհոյանքներ են արտասանում, դա ոչ թե «սադրանքի» հետեւանք է, այլ այդ տղաների եւ նրանց ուղարկողների մտավոր մակարդակի դրսեւորում: Իսկ ամենակարեւորն այդտեղ այն հանգամանքն է, որ ոստիկանությունը իբր «քննել է» այդ գործը եւ իբր «լրագրողներին խոչընդոտելու փաստեր չի հայտնաբերել»: Ա՛յ, սա է կոչվում նոր հանցագործություններ ծնող անպատժելիություն: Վստահ եմ, որ Անիին ապտակելու փաստեր նույնպես «չեն հայտնաբերվի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգելի պ–ն Աբրահամյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՛ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն ընտանիքում և հաջողություններ ստեղծագործ աշխատանքում։
    Իսկ «սաքուլիկներ» և «ասպետ ոստիկաններ» միշտ էլ կլինեն։ Երբ պետական մակարդակով խրախուսվում է լկտիությունը, դա պարարտ հող է մերօրյա «կոմսոմոլների» համար, ապահովելու իրենց առաջխաղացումը ։ Մեր իշխանավորները լավ մասնագետների փոխարեն գերադասում են ունենալ իրենց նվիրված ծառաներ։ Այնպես որ գործում է առաջարկ–պահանջարկ բանաձևը։

  2. Զավեն says:

    Կարծում եմ կնոջ պատիվը պետք է բռունցքներով պաշտպանել:

    • Արսեն says:

      Ւնչու բռունցքների վրա կանգ առար?..))).. բռունցքներով, ավտոմատներով, նռնակներով, տանկերով, քիմիական և բակտերիոլոգիական զեքով, ջերմամիջուկային մարտագլխիկներով…)))…

  3. MARD says:

    Շատ կներեք Պարոն Աբրահամյան, բայց ես համաձայն կլինեմ «լրագրողներն իրենք են սադրում» ի հետ , քանի դեռ լրագրողները տեխնիկապես մոդեռնիզացված չեն.
    Հիշեցնեմ որ դեռ ՍՍՀՄի ժամանակ նկարահանումները միանգամից անտենաներով ողարկվում էին ցենտր.
    Այս տեխնալոգիանի մոդեռն դարում ինչպես է լինում որ լրագրողը դեռ հիշողության վրա է ձայնագրում.
    Նա պետք է դա վիֆի ով կամ բլու-թութով ուղակեր ուղիղ կապով իր ընկերոջը որը գտվում է 30 մետրի վրա եվ այդ ընկերը ձայնագրեր հիշողության վրա.

    « սկայպի կամ գոգլի օգտագործողները գիտեն որ դա հնարավոր է անգամ սմարտֆոնի օգնությամբ. Բացատրություն խնդում եմ

  4. Արսեն says:

    Այ, այ, այ.. ոնց չի ամաչում այդ անպատկառ ոստիկանը..))… ապտակել է կնոջը? Գամել անարժանանին անարգանքի սյանը, հրապակավ պարսավանքի ենթարկել և ասել. « Չես ամաչում? Այն ժամանակ, երբ մենք թատրոն ունեինք՝ եվրոպացիները դեռ ծառից-ծառ էին թռչում» ..)))…
    Որից՝ ստահակ լպիրշը կազդվի, կկարմրի և արցունքախառն աչքերով, ծաղիկներ նվիրելով՝ ներողություն կխնդրի իր կողմից ապտակված կնոջից…)))…

  5. MARD says:

    «Բայց այդ դեպքում դուք պետք է ունենաք տեսագրություն,» ,ինչպես գրել էի վերեվում, տեսագրություն ունենալը շատ հեշտ է , եթե օգտագործեք ժամանակակից տեխնիկա եվ կպարզվեր իրականությունը.
    Բայց թվում է թե ոչ մի կողմն էլ հետաքրքրված չեն տեսագրությունով , այլ մեկը մյուսի վրա վերխ վերցնելով. Հետաքրքիր է ինչպես կլիներ եթե ժուռնալիստը տղամարդ լիներ , քացու տակ կգցեին . Կամ ոստիկանը կին , կճանգրտեր.

  6. Hayk says:

    Мне кажется самое важное в Вашей статье -это ” действовать в РАМКАХ ЗАКОНА”!! Каждый из нас, будь журналистом, полицейским или обыкновенным гражданином, должен строго соблюдать закон!!

  7. Ruben says:

    Եթե տանից դուրս գալով, Դուք փողոցում նկատում եք Մարդու , ապա Դուք այդ օրը բախտավոր եք…

  8. Ditord says:

    Կա ստանդարտ արդարացում՝ «լրագրողներն իրենք են սադրում»:

    Հակառակ ՝ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՔ ԵՆ ԿՐՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԻՄԱԿ:

  9. Rafael says:

    Իսկ ինչպես է արտահայտվում այդ գլխով պատասխանատու լինելը։Ինչ եք արել Ձեր լրաֆրողին պաշտպանելու համար,կամ գուցե արել եք մենք չգիտենք։ Գնացել եք այդ չարաբաստիկ բուհի ռեկտորին կարգի հրավիրել,կամ գուցե ոստիկանապետից եք պատանջել,որ գործը չկոծկվի,կամ գուցե դատի եք տվել հիշյալ երիտասարդներին,միջազգային ատյաններին եք դիմել,կամ Աժ նախագին եք այցելել պարզաբանումների պահանջով։Ինչ եք արել որ նման բան չկրկնվի։Ոչինչ և դա բնական է,դրա համար էլ հիմա էլ արդեն ծեծում են այլ լրագրողի.վաղը ավելի դաժան կվարվեն,իսկ պատասխանը որն է հոդվածը։Բոլորին էլ հարմար է այս վիճակը սա է միակ հետևությունը,բոլորն էլ հարմարվել են այս իրողության հետ,շատ ավելի հեշտ է մեծ հարցեր բարձրացնել,օրինակ ասենք ՄՄ մտնել չմտնելու,քան կողքիտ կանգնած լրագրողին պատշաճ կերպով պաշտպանելը։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես հաճախ եմ այստեղ կարդում տարբեր անբաստանություններ իմ հասցեին, բայց արդարանալու ցանկություն չունեմ:

  10. Maxim says:

    Մեծարգո՝ Արամ Աբրահամյան։ Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրվա
    կապակցությամբ։ Աստված տա, որ Ձեր արժանիքներով մարդիկ մեր ազգում կրկնապատկվեն, ավելին
    նույնիսկ երազել հնարավոր չէ։ Անին և նրա եղբայր՝ Սարգիսը, հենց Ձեր տեսակի մարդ են, մի գուցե
    մեկ այլ խրամատներում, բայց նույն ճակատում։ Իսկ ապտակողներ, վիրավորողներ, բանտ նետողներ
    ցավոք մեր երկրում ավելի շատ են, քան այլ երկրներում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728