Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգյան ճեմարանն այդքան էլ փակ չէ

Փետրվար 18,2014 13:45

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը գոյություն ունի 140 տարի, այս տարին էլ հոբելյանական է: Ստեղծված լինելով ազգային պետականության բացակայության պայմաններում՝ ճեմարանը ներկայումս ունի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ:

Որքանով են պահպանվել հոգեւոր կրթության ավանդույթները եւ ինչպես է հայ հոգեւոր դաստիարակությունը զուգակցվում ժամանակակից բարձրագույն կրթության խիստ որոշակիացված պահանջներին: Այս եւ այլ հարցերով «Առավոտը» դիմեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին:

Սրբազանը նախ նշեց, որ ճեմարանական կյանքն ընդհանրապես գտնվում է վեհափառի ամենօրյա ուշադրության ներքո եւ նա հոգեւորականից ամենաշատը պահանջում է մտավոր ու բարոյական կրթություն: Նշեց նաեւ, թե 2 տարի է, ինչ գործում է Հառիճի Թրբանճյան ընծայարանը՝ ավագ դպրոցի կարգավիճակով, հետո էլ պատասխանեց. «Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցը հասնում է մինչեւ Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջան… Անցյալ ուսումնական տարվանից 4 տարի բակալավրիատում ուսանելուց հետո մեր սաները, որոշակի նիշ ապահովելու դեպքում, կշարունակեն կրթությունը մագիստրատուրայի 3 մասնագիտացված բաժիններում՝ աստվածաշնչյագիտություն, դավանաբանություն եւ պատմական աստվածաբանություն: Ի դեպ, մագիստրատուրան նախատեսված է միայն այն սաների համար, ովքեր ապագայում կզբաղվեն գիտությամբ եւ պարտադիր պայման է նրանց կուսակրոն քահանա դառնալը: Ճեմարանն այժմ ունի համալսարանի կարգավիճակ ու չի բացառվում, որ ապագայում ունենա տարբեր ֆակուլտետներ, օրինակ՝ հայագիտության, լեզվաբանության, արեւելագիտության… Այս դեպքում աշխարհիկներն էլ հնարավորություն կունենան ուսանելու ճեմարանում (ոչ միայն պատանիներ, այլեւ աղջիկներ-Ս. Դ.): Ճեմարանի 140-ամյակի առիթով կբացվի ասպիրանտուրա»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ճեմարանը միակ ուսումնական հաստատությունն է, որ չի պարտադրում սաներին դառնալ հոգեւորական, հիշեցնելով, թե այն հիմնադրվել է հոգեւորականներ եւ դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով:

Խնդրեցինք ներկայացնել նաեւ ճեմարանի մշակութային կյանքը: Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնեց, որ 2013թ. բացվել է Մատենադարան, կառուցվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի անվան կրթական կենտրոն, որտեղ հոգեւորականները կանցնեն վերապատրաստման դասընթացներ: Ռեպլիկին, թե կենտրոնի շինարարության առիթով վերջին շրջանում հաճախ են քննադատություններ հնչում, սրբազանն ասաց, որ գերխնդիրը ոչ թե նոր շինություն ունենալն է, այլ դա կրթական, դաստիարակչական եւ մշակութային նպատակներին ծառայեցնելը: Հավելեց նաեւ, որ շուտով եկեղեցու մշակութային առաքելությունն ավելի կարտահայտվի. «Ճեմարանի 140-ամյակի առթիվ նախատեսված է մշակութային միջոցառումների ցանկ, այդ թվում՝ գիտաժողով, դասագրքերի նոր հրատարակություններ, հուշարձանի տեղադրում ճեմարանի բակում… Հայտնեմ, որ ունենք «Սերմնացան» խորագրով մատենաշար, որտեղ հրատարակվում են մեր ուսանողների թարգմանությունները, ուսումնասիրությունները եւ այլն: Ուսուցանվում է եկեղեցական արվեստի պատմություն, անցկացվում են եկեղեցական երաժշտության դասեր, ունենք երգչախումբ, նկարչական, թարգմանչական խմբակներ, երաժշտական գրագիտության, ասենք՝ սոլֆեջիոյի դասաժամեր եւ այլն: Կան ուսանողներ, որոնք ի վերուստ օժտված են ձայնային տվյալներով, օրինակ՝ ճեմարանի վերակացուն՝ Վաչե աբեղա Մկրտչյանը ուսանում է Երեւանի կոնսերվատորիայի վոկալ բաժնում… Մի խոսքով՝ մեր սաները մշակութային հիանալի դաստիարակություն են ստանում, իհարկե՝ շնորհիվ ոչ միայն տեղացի, այլեւ դրսից հրավիրված դասախոսների: Հնարավորինս ջանում ենք խորացնել, ինչ-որ տեղ էլ՝ վերականգնել կոմիտասյան ավանդույթները: Ի դեպ, «Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ հանձնվեց «Եղիցի լույս» հատուկ մրցանակ՝ հոգեւոր, մշակութային եւ մարդասիրական արժեքների քարոզչության համար»:

Հետաքրքրությանը, թե ուսանողները չե՞ն նեղվում մշտապես «փակ» տարածքում գտնվելով, սրբազանը պատասխանեց. «Ուսմանը զուգահեռ՝ նրանք մասնակցում են ոչ միայն եկեղեցու ներսում կատարվող միջոցառումներին, այլեւ «դրսում» այցելում են մշակութային օջախներ»: Գեւորգ սրբազանը կանխելով մեր հարցը՝ ասաց նաեւ, թե տեղացի եւ արտերկրից իրենց մոտ կրթություն ստացող ուսանողները, ովքեր չեն դիմանում ռեժիմին եւ գրանցում են վարքի լուրջ խախտում, հեռացվում են ճեմարանից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728