Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մենք ԲՀԿ-ում գնահատում ենք միայն Գագիկ Ծառուկյանի տեսակետները». «Հայոց աշխարհ»

Փետրվար 18,2014 12:43

Հատված ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   –Սա թերեւս «Բարգավաճ Հայաստանի» ամենաընդդիմադիր համագումարն էր։ Իզուր չեն կարծիքները, թե այս անգամ կուսակցությունը կտրեց իր պորտալարը իշխանության հետ:

-ԲՀԿ-ն վաղուց իշխանության հետ պորտալարով կապված չէ, որովհետեւ համարվում է այլընտրանքային քաղաքական ուժ: Այնպես որ այդ կուսակցությունը իշխանության հետ կապող ինչ-որ բաներ չուներ, որ հիմա էլ կտրվեր: ԲՀԿ-ն ոչ իշխանական կուսակցություն է, ինքն է որոշում իր ռազմավարությունը:
   –Բայց ակնհայտ էր կուսակցության քաղաքական թեւի ակտիվությունը, որը ի տարբերություն ԲՀԿի գործարար հատվածի, առավել ընդդիմադիր է: Այս տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք Վ.Օսկանյանի եւ Ն.Զոհրաբյանի կոշտ հայտարարությունները


   -Նախ՝ չեմ կարծում, որ այդ կուսակցության ներսում լուրջ խնդիրներ կան, առավել եւս թեւեր չեմ տեսնում: Մարդիկ իրենց համագումարն են արել, կարծիքներ հայտնել, որոշումներ կայացրել: Չնայած որոշ հայտարարությունների համակարծիք չեմ, ավելին՝ համոզված եմ, որ նման մտածողությունը չի կարող արդյունավետ գործոն լինել:
Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք. ԲՀԿ-ի բոլոր քայլերի գլխավոր պատասխանատուն ու դերակատարը Գագիկ Ծառուկյանն է, նրանից դուրս մյուսների ասածն ընդամենը կարծիք է: Իսկ ԲՀԿ-ն քաղաքական ուժ է, ուր կարող են հնչել տարբեր կարծիքներ, ինչը ե՛ւ կուսակցությանը, ե՛ւ նրա առաջնորդին դարձնում են առավել ներկայանալի: Այնպես որ, մենք ԲՀԿ-ում գնահատում ենք միայն Գագիկ Ծառուկյանի տեսակետները: Եվ ես որեւէ ցանկություն չունեմ վերլուծելու, մեկնաբանելու այս կամ այն քաղաքական գործիչի մտքերը:

Սակայն ոչ պակաս կոշտ էր Ծառուկյանի ելույթը. կոչ արեց տաք ու հարմարավետ աշխատասենյակներից դուրս գալ ու գնալ փողոցներ, բակեր, դահլիճներ, դառնալ ժողովրդի դժգոհության արձագանքողը: Սա հեղափոխական կոչ չէ՞ր:

-Ոչ իշխանական ուժերը պետք է լինեն ժողովրդի հետ, ոչ թե մնան տաքուկ աշխատասենյակներում: Այնպես որ ես բոլոր կուսակցությունների համար պարտադիր, կարեւոր եմ համարում քաղաքական նման կեցվածքը: Մանավանդ այսօր, երբ Հայաստանում նկատելի է քաղաքացիական հասարակության ակտիվություն, երբ մեր քաղաքացիները եւս ցանկանում են կառավարման գործընթացներում իրենց խոսքն ու գնահատականները հնչեցնել:
Այս առումով, ներկայիս ընդդիմության վարքագիծն ինձ համար անընկալելի է. երբ մի տեղ տեսնում են, որ մարդիկ են հավաքվել, գնում ու նրանց կողքին են կանգնում, ցույց տալով, թե դա իրենց սեփական ներուժն է: Բայց հասարակության մեջ լուրջ դերակատարում ունենալու համար պետք է լինել ժողովրդի կողքին, լսել նրա ձայնը, ավելի հաճախ այցելել շրջաններ, եւ դա պետք է լինի ամենօրյա աշխատանք: Իսկ այդպիսին պետք է լինեն բոլոր կուսակցությունները` ընդդիմադիր եւ իշխանական:

Այս առումով, կողմնակից եմ Գագիկ Ծառուկյանի հետ եւ համարում եմ, որ նա շատ ճիշտ մոտեցում է որդեգրել: Նրա խոսքում հեղափոխականություն չեմ տեսնում:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728