Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու ակնա՞րկ է անում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 18,2014 12:29

Սկզբունքորեն, որոնք են Գագիկ Ծառուկյանի ելույթի հիմնական շեշտադրումներն ու մոտեցումները: Նրա ու ԲՀԿ-ի ելակետն այն է, որ երկրում իրականացվող տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունն անպտուղ է, կան բազում խնդիրներ, սկսած արտագաղթից ու աղքատության աստիճանից, վերջացրած հատկապես փոքր ու միջին տնտեսավարողների դժվարություններով: 

Ի՞նչ են առաջարկում: Լայն ընդգրկմամբ, հետեւյալը. «Հավատացե՛ք, որ մենք կարող ենք միասին երկիրը հանել այս վիճակից: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է պետք դրա համար: «Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ եւ դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ»,- հայտարարեց Գ.Ծառուկյանը:

Չէի ասի, թե լավ թարգմանիչ եմ, բայց, այնուհանդերձ, փորձեմ «թարգմանել»: Սա, կարելի է ասել՝ «ազգային համաձայնության կառավարություն» կազմելու ակնարկ է:
Կոնկրետ խնդիրների կամ բնագավառների առումով էլ ԲՀԿ ղեկավարը մի քանի նշում արեց առ այն, թե ինչպես է պատկերացնում դրանց լուծումը կամ ինչ քայլեր է տեսնում:

Մասնավորապես նա համոզված է, որ պետք է, օրինակ, տաքսիստները, վարսավիրները, ատամնաբույժները, ընտանեկան բիզնեսը ունենան հարկային արտոնություններ եւ «ազատվեն ավելորդ քաշքշուկներից»: Հավանական համարեց փոքր բիզնեսի համար «հարկային արձակուրդ» հայտարարելը եւ ուղղակի «անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց» ազատելը:

Այնուհետ, ինչպես նախընտրական ծրագրում՝ բարենպաստ պայմաններ միջին բիզնեսին, տեղական արտադրության խթանում, լայն արտոնություններ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, օտարերկրյա նվազած ներդրումների ներգրավում եւ այսպես շարունակ, իսկ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը պետք է կանգնեցնել:
Ավելին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե պատրաստ է ցանկացած ծախս անել, հրավիրել լավագույն տնտեսագետների, որ մեր երկրին տնտեսական «դեղամիջոցներ» առաջարկեն: Է՛լ ավելին, ԲՀԿ ղեկավարն ասաց, թե պատրաստ է շրջել երկրե-երկիր… Չէ, այս հատվածն ավելի լավ է ամբողջական մեջբերել. «Ես պատրաստ եմ ողջ աշխարհով մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը` իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ եւ համապատասխան պայմաններ: Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը»:
Ահա՛, կարծում ենք, այստեղ է նաեւ հանգույցը. տվեք ինձ հնարավորություն, երաշխիքներ, եւ ես կանեմ այս ու նաեւ այն: Դե, ինչո՞վ նախընտրական ելույթ չէ՝ ինքզինքը վարչապետի պաշտոնում տեսնող Գագիկ Ծառուկյանի համար, մանավանդ որ դրանից հետո նա անցավ իր արժանիքները նկարագրելուն:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728