Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Մնում էր միայն նվեր տային, սա՞ է վասալայինը». «Իրատես de facto»

Փետրվար 18,2014 12:11

Հատված ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից:

Չե՞ք կարծում, որ համագումարում ՀՀ նախագահը սենսացիոն հայտարարություն արեց գազային համաձայնագրի վերաբերյալ՝ եթե այլընտրանք լինի, ինքը կարող է համաձայնագիրը հետ կանչել։

– Ես կարծում եմ, որ մինչև այդ հայտարարությունը նախագահն ավելի կարևոր և էական հայտարարություններ արեց պարզ իրողությունների մասին, որոնք չարչրկվում ու շահարկվում են, ինչ-ինչ շահերից ու մտադրություններից ելնելով նենգափոխվում։ Խոսքը վերաբերում է գազային համաձայնագրի բուն էությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրավիճակ կլիներ երկրում, եթե բանակցությունները չտային այս արդյունքը և մենք չունենայինք այս պայմանագիրը, ինչ կկատարվեր սպառողների ընտանեկան բյուջեի հետ, ինչ կկատարվեր տնտեսավարողների, նրանց արտադրությունների, տնտեսական զարգացման հարցերի հետ, մամուլում ինչ աղմուկ կբարձրանար ամեն ինչ ձախողելու ու կործանելու պատրվակով։

Մի քանի ամիս առաջ խորհրդարանը հատուկ նիստում քննարկեց գազի սակագնի հարցերը։ Բոլորս հիշում ենք ինչ հայտարարություններ, վերլուծություններ ու կանխատեսումներ էին հնչում Հայաստանի մոտալուտ վախճանի մասին։ Ոմանց թվում է ամեն ինչ կախարդական փայտիկի հարվածով է կատարվում։ Փաստորեն կարողացանք բանակցությունները վարել մեզ համար նպաստավոր ելքով, գազի գինը չբարձրացավ, մենք հասանք ռուսական կողմի լուրջ ու էական զիջումներին։

Նկատի ունեք գազի սպառման դիմաց պարտքի մարման տարբերա՞կը։

– Գազն ու էլեկտրաէներգիան համակարգաստեղծ ապրանքներ են, հաշվեք սպառողական գների ինչ փոփոխություններ կլինեին։ Շատ շուտ մոռացաք, ինչպես Սերժ Սարգսյանը նկատեց, բարձրացված աղմուկի մեջ արդեն ոչ մեկին գազի սակագինը, կարծես, չի հետաքրքրում։ Իսկ պարտքի մարումը կատարվել է էական նշանակություն չունեցող, կարելի է ասել սիմվոլիկ դեր և արժեք ունեցող բաժնետոմսերի 20 տոկոսով, որոնց մասին տարիներ շարունակ ոչ մեկը չէր էլ հիշում։ Միայն այս պահին արժևորեցին։ Այսինքն ոմանց համար կարևորը ոչ թե մարդու կենսամակարդակն է, ՀՀ քաղաքացու կյանքի որակը, այլ ուրիշ էլ ինչի՞ մեջ կարելի է մեղադրել ՀՀԿ-ին։

Ո՞րն է այդ վերաբերմունքի պատճառը։

– Պատճառն այն է, որ քաղաքական դաշտում կան նաև անազնիվ խաղացողներ, որ իրենց խմբային կամ անձնական շահերը վերադասում են ժողովրդի և երկրի շահերից, պատրաստ են ցանկացած որակում տալ՝ միայն հնչեղ լինի և իշխանություններին ամեն ինչում մեղադրեն։ Այս օրերին ինչ ասես ասվեց (լեզուն ոսկոր չունի), աջ ու ձախ, թե խորհրդարանի քննարկումների, թե միտինգների ժամանակ «վասալային պայմանագիր» էին որակում գազային համաձայնագիրը։ Ո՞րն է վասալայինը, որ մի երկիր մեկ այլ երկրի գազ է վաճառում այն գնով, ինչ ինքն է իր քաղաքացուն տալի՞ս, ապրանք է վաճառում իր ներքին գնով։ Մնում էր միայն նվեր տային, սա՞ է վասալայինը։ Ամոթ է, չէ՞։

Իսկ համաձայնագրի երեսուն տարի՞ն։

– 30 տարին իր տնտեսական հիմնավորումն ունի։ Բայց մեր այսօրվա այլընտրանքային տեսակետներ հայտնող գործընկերներն ինչո՞ւ չեն հիշում, որ ոչ վաղ անցյալում էլ ունեցել ենք պայմանագրեր ու կոնցեսիաներ 30-35 տարով, և նրանք, որ ներկայացված էին գործադիր իշխանությունում, կային քաղաքական դաշտում, բոլորովին չէին զարմանում, չէին զայրանում, չէին առարկում, ահավոր աղետ չէին որակում։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728