Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախում առկա իրավիճակին և երկրում գրանցված դրական փոփոխություններին, որոնք վկայում են Արցախի կայուն զարգացման մասին:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Լիոնում Հայաստանի Հանրապետության փոխհյուպատոս Վաներ Հարությունյանը, Վիենի և Ռոն Ալպ շրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ