Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց եկեղեցին լայն իրավունքներ ունի համաքրիստոնեական սրբավայրերում

Փետրվար 18,2014 14:07

2006 թվականից սկսած՝ Հայաստանից ուխտագնացություններ են կազմակերպվում Ավետյաց երկիր: Փետրվարի 2-13-ը Երուսաղեմ այցելած 45 հոգանոց ուխտավորների խումբը 65-րդն էր: Նրանց առաջնորդում էին Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը եւ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Ուխտավորներից ամենատարեցը 81-ամյա Սոնյա մայրիկն էր` Սպիտակից, կրտսերը՝ 1,5-ամյա Անգելինա-Մարիան, որը մկրտվեց Երուսաղեմում: Սոնյա մայրիկն ասում է՝ երկրաշարժ է տեսել, կորցրել որդուն, պահել-մեծացրել նրա զավակներին, սակայն, չնայած դժվարություններին, չի կորցրել հավատն ու լավատեսությունը:

Erusalim_03

Ամենափոքր ու ամենատարեց ուխտավորները:

Erusalim_07

 

Պատմիչների փաստմամբ, հայոց եկեղեցին Ավետյաց երկրում ժամանակին ունեցել է շուրջ 70 վանք եւ եկեղեցի, այսօր դրանց թիվը 12-ն է:

«Առավոտի» հետ զրույցում տեր Վահրամը կարեւորում է հայաստանցի ուխտավորների այցերը սուրբ երկիր. «2006 թվականից դեպի տերունակոխ վայրեր ուխտագնացությունները կարեւոր են հայ հավատացյալի համար՝ տիրոջ երկրային կյանքի տարբեր հանգրվաններին հաղորդակից լինելու, այդ ամենով ապրելու ու զորանալու, վերափոխվելու առումով»: Նրա ձեւակերպմամբ. «Հպարտությամբ է լցնում հոգիդ այն իրողությունը, որ հայոց եկեղեցին լայն իրավունքներ ունի համաքրիստոնեական սրբավայրերում, մեծագույն այդ սրբավայրերը հայ եկեղեցին է կիսում եւ իբրեւ իրավատեր, եւ տնօրինում է դրանք՝ հույն եւ կաթոլիկ եկեղեցիների հետ մեկտեղ»:

Erusalim_01

Սուրբ Հարության տաճար

Erusalim_05

Եռագույնը՝ Գալիլիայի ծովակի վրա:

Տեր Վահրամի նման տեր Զենոնն էլ էր առաջին անգամ այցելում Երուսաղեմ: «Վստահություն ունեմ, որ տերունակոխ վայրեր այցելած ուխտավորների հոգիները հավատով են լցվում, վերազարթոնք ապրելով որպես քրիստոնյաներ` նրանք վերադառնալու են իրենց հայրենիքը, ոչ միայն քրիստոնյա անունը կրելով, այլեւ քրիստոնեությունը որպես կենցաղավարություն, ապրելու միջոց դարձնելով` կյանքը շարունակելու են մայր հայրենիքում»,- ասում է քահանան: Տեր Զենոնն անչափ տպավորված է. «Ես ինքս էլ առաջին անգամ լինելով տերունակոխ վայրերում՝ հոգու կանչի, հուզմունքի, ապրումներ ունեցա՝ որպես հոգեւորական, պատարագներ մատուցելով տիրոջ գերեզմանի վրա, տիրոջ մսուրում…»:

Erusalim_06

Տեր Վահրամ եւ տեր Զենոն քահանաները:

Erusalim_04

Հայր Թեոդորոսը:

Ուխտավորների թվում էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Անժելա Բարսեղյանը: Նա երկրորդ անգամ է ոտք դնում Ավետյաց երկիր: Կարծում է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկը պետք է կյանքում գոնե մեկ անգամ գա քրիստոնեական գլխավոր սրբավայրերը:
Ուխտավորները, ի թիվս այլ սրբավայրերի, այցելեցին նաեւ Սրբոց Հակոբեանց մայրավանք, սուրբ Հարության տաճար, Սիոն լեռան եւ Գալիլիայի ծովակի սրբավայրեր, Գեթսեմանի պարտեզ, «Հայր մեր» եկեղեցի, սուրբ Նիկողայոսի Հայոց վանք, Երանիների լեռան եկեղեցի եւ այլն: Մասնակցեցին Թափորի՝ Հարության տաճարում ու պատարագների: Ուխտավորներին սիրով ուղեկցում ու սուրբ վայրերում հայոց հզոր ներկայության մասին տեղեկությունների էին հաղորդում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոս վարդապետ Զաքարյանը, Անդրանիկ, Կարապետ եւ Ալբերտ սարկավագները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Երուսաղեմ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728