Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցության սենյակ՝ հրապարակելու Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննության վճիռը: Դատախազ Բարսեղյանը առարկեց Եղնուկյանի բողոքի դեմ, իսկ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն այն կրկին պնդեց:
Հիշեցնենք, որ Տիգրան Հայրապետյանը բողոքարկում է ՀՀ ոստիկանության քննիչ Ս. Մովսիսյանի որոշումը՝ իր պաշտպանյալ Եղնուկյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու վերաբերյալ:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դատարանի անաչառ դատաքննությունը պատրանք է. «Նախագահող դատավորը արտադատարանական հարաբերություններ է ունեցել քննիչի հետ: Նա քննարկել է մյուս կողմի հետ եւ նախորդ դատական նիստի ժամանակ թույլ չէր տալիս դատական նիստը տեսանկարահանել՝ պնդելով՝ կողմի համար կարող է խոչընդոտ լինել կամ նրա իրավունքները կարող են տեսանկարահանմամբ ոտնահարվել: Մինչդեռ քննիչը չէր առարկում տեսանկարահանմանը»:
Պարոն Հայրապետյանի խոսքով, ըստ գործում առկա բացատրությունների, ակցիայի ժամանակ Սամվել Ալեքսանյանի աջակիցները վնասել են Եղնուկյանի եւ Նախախորհրդարանի մեքենաները եւ կտրել են բարձրախոսի լարը. «Նրանք դեղին գլխարկ են դրել, անցել ոստիկանական պատնեշը կտրել լարն ու հեռացել: Երեք հանցագործություն կատարողներն էլ բացահայտվել են: Տվել են ինքնախոստովանական ցուցմունք՝ բացատրելով, որ իրենց դիտավորությունն ուղղված է եղել ակցիա կատարողների դեմ: Ի դեպ, անհասկանալի է, թե ինչպես են նրանք իմացել, որ ոստիկանությունն իրենց փնտրում է, պարզվում է, որ ոստիկանություն իրենք իրենց կամքով են եկել՝ խոստովանելու»:
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով, անհասկանալի բացատրություններ է տվել Կարո Եղնուկյանի մեքենան վնասողը. «Նա նշել է, թե հարբած փողոցով գնացել է ու չի կարող ասել՝ ինչու է իր գրպանի դանակով վնասել մեքենայի անվադողերն ու հեռացել: Քննիչը չի պարզել ոչ շարժառիթները, ոչ էլ՝ որտեղից նրան դանակը, հետո այդ դանակը, ըստ ցուցմունքի, նետվել է հասարակական վայր ու չի գտնվել: Բայց քննիչը նույնիսկ խուզարկություն չի արել՝ պարզելու ուր է դանակը, գուցե նա ստել է, որ նետել է հասարակական վայրում, գուցե խուզարկության ժամանակ պարզվեր, որ դանակը հանցագործի տանն է: Այսինքն, ակնհայտ է, որ քննիչը գործը կոծկելու նպատակ է ունեցել: Ավելին` Կարոյին էլ չեն էլ կանչել հարցաքննության: Քննիչը քրեաիրավական գնահատական չի տվել: Մեղադրանք երեք հանցագործություն կատարողներից որեւէ մեկին չի առաջադրվել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ