Օրերս հերթական անգամ Եվրոպայում աղմուկ բարձրացավ՝ Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին կաշառելու տեղեկատվության հետ կապված :
«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը նկատեց. «Խավիարային դիվանագիտությունը դարձել է դիվանագիտական բառապաշարի մի մաս: Ես ինքս նախորդ գումարման Ազգային ժողովում ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության կազմում եմ եղել, եւ «լոբբինգի» անվան տակ, ըստ էության, տեսել ենք այդ երեւույթները: Դա շատ ակնհայտ է հատկապես այն դեպքերում, երբ Ադրբեջանի հետ կարծես թե որեւէ առնչություն չունեցող ժողովրդավարական երկրի պատգամավորը հանդես է գալիս Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ, ընդ որում՝ ավելի նախանձախնդիր կերպով, քան նույն ադրբեջանցի պատվիրակները: Հռոմի պապից ավելի կաթոլիկ են լինում իրենց դրսեւորումներում, եւ երբ փորձում ես զրուցել այդ մարդկանց հետ, հասկանում ես, որ նրանք խնդրի էությունը լավ էլ չգիտեն եւ շատ հաճախ ուղղակի պատրաստի տեքստեր են ասում: Սա իրողություն է, որի հետ պիտի հաշվի նստենք»:
Մեր հարցին՝ իսկ նման երեւույթներին կամ դրանց մասին վկայող տեղեկություններին Հայաստանը պե՞տք է ինչ-որ կերպ արձագանքի, թե՞ ոչ, պարոն Դավթյանը պատասխանեց. «Արձագանքներ մշտապես լինում են: Ինչ հարթակներում որ հանդես են գալիս այս կամ այն պաշտոնյաները, անպայման պատասխան ստանում են: Կոնկրետ պատգամավորական հարթակով իրենք իրենց պատասխանները միշտ էլ ստանում են, բացի այդ տվյալ պաշտոնյայի գործընկերներին ենք ներկայացնում իրավիճակը: Այդպիսի շահագրգիռ «պաշտպանությունների» դեմքում մենք բացատրում ենք մյուս գործընկերներին, թե ինչում է խնդիրը, եւ որպես կանոն այդ «պաշտպանությունները» որեւէ ազդեցություն չեն թողնում: Ադրբեջանցիների կողմից նման քաղաքականություն տանելը ինչոր տեղ նաեւ երկրի ղեկավարության առջեւ հաշվետու լինելու նման մի բան է, նրանք ցանկանում են ներկայացնել, որ՝ տեսեք այս կամ այն դրսի պատգամավորը կամ պաշտոնյան ստացավ իր «հոնորարը» եւ որպես «հոնորար» տալու փաստացի ապացույց մեջբերում են նրա նախաձեռնությունները, հայտարարությունները, ելույթները, կամ որ ավելի վատ է՝ երբեմն տեսնում ենք նաեւ, որ որոշակի բանաձեւեր էլ են ներկայացնում: Իհարկե, նրանք ամեն կերպ խուսանավում են ուղիղ հարցադրումներից, ասում են, որ իրենց անհանգստացնում է ժողովրդավարությունը, փախստականների իրավիճակը կամ պատերազմի հետեւանքների վերացումը, բայց նման գործելակերպով նրանք ուղղակի ստվերում են այն բարձր ու վեհ գաղափարները, որոնց մասին խոսում են»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ