Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Դե գնացեք ու այդ հարցերը տվեք շատ օլիգարխների». «Ժամանակ»

Փետրվար 18,2014 11:04

Հատված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցից:

Կռված ազատամարտիկների կողմից շատ են ԵԿՄ ղեկավարության նկատմամբ եղած դժգոհությունները: Նրանք դժգոհ են, որ Մ. Գրիգորյանն ու մի խումբ այլ կռվածներ՝ իշխանություններին մոտ գտնվելու շնորհիվ հարստանում են, իսկ մյուսները օրվա հացի խնդիր ունեն:

– Գիտեք, ես դա չեմ նկատում և դրա մեջ չեմ խորանում, որովհետև իմ վերաբերմունքը իմ մարտական ընկերների նկատմամբ՝ լինի նա երկրապահ, թե ազատամարտիկ կամ վետերան, նույնն է: Ի վերջո, ԼՂՀ պատերազմից հետո շատ կազմակերպություններ են բացվել, որոնք զբաղվում են պատերազմի արդյունքում առաջացած խնդիրներով, և նրանք բոլորն էլ ինձ համար հավասար են, ես բոլորի հետ էլ համագործակցում եմ: Բայց չեմ բացառում, որ ինչպես բոլորի մոտ, այնպես էլ այս դաշտում կլինեն թերություններ, և դրանք նկատելու դեպքում ասում ենք, որ պետք է վերացնել: Կարծում եմ, որ վերջին տարիներին երկրապահների՝ որպես հասարակական կազմակերպության, աշխատանքն ավելի հստակ է դարձել և կատարելագործվում է:

Այնուամենայնիվ, վերջին շրջանում մեծ են իշխանությունների նկատմամբ կռված տղաների դժգոհությունները: Նրանց առանձին խմբեր բողոքի ակցիաներ են անում, Սասուն Միքայելյանն է ուզում առանձին միավորում ստեղծել, արդեն կան նոր ձևավորված այլ շարժումներ:

– Կարծում եմ` այսօրվա իրականությունից չենք կարող զերծ մնալ, և դժգոհություն է առաջացնում շատ-շատերի, ոչ միայն երկրապահների մոտ:

Մեծ է դժգոհությունը հատկապես այն առումով, որ որոշ կռված մարդիկ կամ բանակի պաշտոնյաներ շատ ավելի մեծ կարողություններ ունեն:

– Դուք ի՞նչ եք կարծում` կռված տղաները, որոնք որ ապահովել են այսօրվա խաղաղությունը, մեր պետության զարգացումը, կռվել են այս երկրի համար, չպե՞տք է ինչ-որ հնարավորություններ ունենան իրենց անձնական խնդիրները լուծելու համար, հատկապես, որ շուկայական հարաբերություններ են: Դե գնացեք ու այդ հարցերը տվեք շատ օլիգարխների:

Բանակի որոշ պաշտոնյաներ ու կռված տղաներ գրեթե օլիգարխ են դարձել:

– Չեմ տեսնում, բանակում այսօր օլիգարխ չկա: Եթե մատով ցույց տաք, և նա հարստություններ ունի, ես կասեմ, որ պարտվեցի:

Յուրի Խաչատուրով, Հայկազ Բաղմանյան, Արշալույս Փայտյան, ով վերջերս ազատվեց կոռուպցիոն երևույթներին ներգրավված լինելու պատճառով: Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ այս ու այլ պաշտոնյաներ հասցրել են բանակի հաշվին հարստություն կուտակել:

– Չունեն նրանք այն հնարավորությունները, որ ունեն մնացած օլիգարխները:

Պարոն Օհանյան, անընդհատ ավելացող արտագաղթն ինչպե՞ս է անդրադառնում բանակի վրա, չէ՞ որ շատ երիտասարդներ են լքում Հայաստանը: Արդյունքում չի՞ կրճատվում բանակ զորակոչվող երիտասարդների քանակը:

– 2013թ. գարնանային զորակոչի  պլանը կատարել ենք 111 տոկոսով, իսկ աշնանային զորակոչը, որը տեղափոխվեց 2014թ. ձմեռ, կատարել ենք 106 տոկոսով: Զորակոչի իրականացման աշխատանքների մեջ ավելի կազմակերպված լինելու, արդարության մակարդակը բարձրացնելու, ավելի հետևողական լինելու արդյունքում բանակի համալրվածությունն այսօր ապահովված է: Դա ապահովում ենք նաև պրոֆեսիոնալ՝ պայմանագրային զինծառայողների քանակը օրըստօրե ավելացնելով:

 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728