Ռուսաստանի տարածք մուտք գործելու իրավունք չունեցող ՀՀ 170 հազար քաղաքացիները, վերլուծաբանների կանխատեսմամբ, Հայաստանում կարող են սրել սոցիալական լարվածությունը:
«Մարդիկ աշխատում էին Ռուսաստանում, և հիմա այդ աշխատանքի բացակայության պայմաններում այդ խավը հայտնվելու է Հայաստանում առանց աշխատանքի»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Երվանդ Բոզոյանն ասում է, որ սոցիալական իրավիճակի լարվածությունը իշխանությունների համար վտանգ կներկայացնի, իսկ իշխանություններն այդ լարվածությունը թուլացնելու ռեսուրսներ չունեն` հաշվի առնելով այն հանգամանքը, թե իրենք ինչպես են մտածում այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին:
Դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա:
Կարդացեք նաև
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների հիմնական մասը` գրեթե 73,1 տոկոսը, նախընտրում է Ռուսաստանը: Մեկնողների գրեթե 90 տոկոսը գնում է աշխատելու նպատակով:
Հայաստանում, ուր գործազրկությունը լուրջ խնդիր է, պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, արտագնա աշխատանքը եւ դրսից եկող տրանսֆերտները հազարավոր ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են:
Միայն անցյալ տարի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել 942 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների, տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվի առնելով երկրում առկա վիճակը, եւ ՌԴ օրենքի փոփոխությունների բերած հնարավոր զարգացումները , «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Դանիելյանն ասում է.
«Հույս ունեմ, որ այդ մարդիկ Հայաստանում հեղափոխություն կանեն»:
Մանրամասները կարող եք կարդալ` Medialab.am կայքում