Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է 2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի ոսկյա իրերի խանութից ոսկյա զարդերի գողության գործով դատավարությունը: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի բնակիչ, 1981թ. Գագիկ Սարգսյանը նախնական համաձայնության գալով Երեւանի բնակիչ Մհեր Խլղաթյանի հետ, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք է գործել Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերի խանութ-սրահ եւ գողացել 50 միլիոն դրամի ոսկյա զարդեր: Գ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(«Գողությունը,որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»), նա գտնվում է կալանքի տակ: Սույն հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Մհեր Խլղաթյանը փախուստի մեջ է:
Ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Սարգսյանը Իջեւան քաղաքի թոռ է, նա եւ Մհեր Խլղաթյանը ծագումով Բերդի տարածաշրջանից են: Ըստ «Դատալեքս» կայքի՝ որպես իրեղեն ապացույց դատարան են ներկայացվել հետեւյալ առարկաները՝ «երկաթյա լոմիկ, դեղին մետաղից վզնոց՝ իր խեցգետինե կախազարդով, դեղին մետաղից մատանի, արծաթագույն խաչ, 1 հատ Մոսկվայի 800 տարվա, 1 հա Հայրենական մեծ պատերազմի, 1 հատ Հայրենական Մեծ պատերազմի 50 տարվա կրծքանշանները, 6 հատ ամաններ, 2 հատ կողպեք»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ