Փետրվարի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հայկական ազգային նոր երաժշտական գործիք բաս քանոնի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Մանկավարժական համալսարանի քանոնահարների խումբը, Թովմաս Պողոսյանի «Սայաթ – Նովա» աշուղական անսամբլը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:
Շնորհանդեսի սկզբում քանոնը պատրաստած վարպետ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց հուշամեդալով՝ ժողովրդական նվագարանների պահպանման և զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Արա Գևորգյանը միջոցառման բացումն արեց քանոնի ստեղծման պատմությունը ներկայացնելով. «Սկզբում մտածեցի ստեղծել նոր երաժշտական գործիք: Գաղափարը ծնվեց մնում էր գտնել վարպետին: Տարբեր մարդկանց հետ խորհրդակցեցի և միաձայն բոլորը խորհուրդ տվեցին վարպետ Ալբերտին՝ Ալբերտ Զաքարյանին: Վարպետը խորհուրդ տվեց, որ փայտը բերվի Սոչիից: Փայտը պետք է լինի ծովափնյա թխկի ծառից: Օրուգիշեր չարչարվելուց հետո, վարպետը կանչեց ինձ՝ գործիքը տեսնելու: Վարպետն ամեն ինչ անում էր ձեռքով: Անգամ փայտն էր ձեռքով կտրում: Քանի որ քանոնը շատ թանկարժեք է, որոշեցին այն անվանել իր հովանավորների անուններով: Այսպես` առաջին քանոնը կոչվեց Ալվարդ, երկրորդը՝ Նվարդ, իսկ երրորդը՝ Գոհար»:
Կարդացեք նաև
Վարպետի խոսքերով քանոնի մտահղացումը ծագել է Արա Գևորգյանի մոտ, և իրենք միասին կյանքի են կոչել այդ մտահղացումը:
Գործիքի շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև յոթ րոպեանոց ֆիլմ, որը պատմում էր քանոնի ստեղծման մասին: Ռուսական ԶԼՄ-ները նույնպես անմասն չէին մնացել գործիքի լուսաբանման մեջ:
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ոչ միայն տեսնելու, այլև լսելու նորաստեղծ գործիքի ձայնը: Զարե Կակոյանը, ով ժամանակին եղել է քանոնահարուհի կիսվեց իր տպավորություններով. «Շատ տպավորված եմ, ընդհանրապես նմանատիպ համերգներին մասնակցում եմ, ասեմ ավելին՝ նվագում եմ քանոն: Արդեն մոտ 3 տարի է չեմ նվագում, բայց կարծես այդ հիշողությունները վերադարձան»:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ