Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտրուկ գնաճի բացառումը, Սերժ Սարգսյանի ցանկությունն է, բայց ոչ իրականությունը»

Փետրվար 17,2014 20:22
vahagn xachatryan

«Այն ինչ, որ Սերժ Սարգսյանն ասում է, դա ընդամենը իր ցանկությունն է, բայց ոչ իրականությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` օրերս քաղաքաշինության նախարարությունում արած այն հայտարարությանը,  որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ասել է` որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, իսկ որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է:

Որքան էլ բարձրաստիճան պաշտոնյանները հասարակությանը հավատացնում են, որ Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանում կտրուկ գնաճ չլինի, իսկ սպասվող գնաճն էլ 1,5%-ից բարձր չի լինի, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նախ չբացառեց, որ գնաճը կտրուկ կլինի, եւ այդ 1,5%-էլ տնտեսագետն արդեն բավականին բարձր համարեց:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարն էլ վստահեցրել էր, որ 1,5 % գնաճ կլինի, եւ ներկայումս բանակցում են ՄՄ-ի հետ մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքներն անփոփոխ թողնելու համար եւ հույս էր հայտնել, որ Հայաստանին կհաջողվի դրական արդյունքի հասնել այդ առումով:

«Ես չգիտեմ իրենք ոնց են հաշվարկել, որովհետեւ ՄՄ անդամակցելը ուղղակի եւ անուղղակի ազդեցություն է ունենալու: Ուղղակին այն է, որ Հայաստանում գործող մաքսադրույքաչափերը միջինացվածով`2,7%-է, իսկ Մաքսային միությունում` 6.2%. այսքան տարբերություն կա, նշանակում է սա մեխանիկորեն բերելու է գնաճի: Իսկ թե ինչ աստիճանով, կախված է, թե որքան է 3-րդ երկրներից` ոչ Մաքսային միության երկրներից ներկրվող ապրանքների տեսակարար կշիռը Հայաստանի սպառողական զամբյուղում, իսկ դրանք բավականին մեծ են: Մեր ապրանքների 75%-ը գալիս են 3-րդ երկրներից, իսկ սա նշանակում է, որ գնաճի վրա ճնշումը մեծ է լինելու: Եւ, եթե նույնիսկ 1,5%-են հաշվում, սա էլ բավականին լուրջ թիվ է: Բայց 1,5% չի լինելու, ի վերջո սա միջինացված թիվ է»:

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ`առաջին անհրաժեշտության ապրանքներն անպայման թանկանալու են. օրինակ` մսամթերք, շաքարավազ, ձեթ, կարագ եւ արդյունաբերական մի շարք ապրանքներ կթանկանան: Այս թանկացումների հիմնական պատճառներից մեկն էլ, ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսությունում մրցակցության բացակայություն է, իսկ եթե առողջ մրցակցություն լիներ մեր երկրում, ապա գնաճային ճնշումը կտրուկ չէր լինի:

Ինչ վերաբերում է Մաքսային միություն մտնելուց հետո գնաճի անուղղակի ազդեցությանը, ապա Վահագն Խաչատրյանի վերլուծությամբ, որոշ գործարարներ ստիպված կլինեն իրենց բիզնեսը դադարեցնել 3-րդ երկրների հետ, եւ սկսեն ներկրումը Մաքսային միության երկրների հետ. «Իսկ դա գործարարի համար ավելորդ բեռ է, նոր ծախսեր, նոր ռեսուրսներ ու պրոբլեմներ. սա կբերի գնաճի: Այն ինչ-որ Սերժ Սարգսյանն ասում է, դա ընդամենը իր ցանկությունն է, բայց ոչ իրականությունը: Այն ինչ ես ասում եմ` մասնագիտական հաշվարկներ են, որի մասին խոսել են նաեւ Եվրասիական տնտեսության փորձագետները»:

Ըստ Վահագն Խաչատրյանի, ՄՄ-ին անդամակցելով ապրանքատեսակների ընտրության ավելի փոքր հնարավորություն ենք ունենալու, ՄՄ-ում չեն արտադրվում բոլոր այն ապրանքները, որոնք այսօր մենք օգտագործում ենք. «Սա կբերի ապրանքների դեֆիցիտի եւ գնային լուրջ խնդիրների:Մենք կամաց-կամաց շարժվելու ենք այն ժամանակները, երբ դուրս գնալու ժամանակ, Եվրոպական երկրներ, կամ ԱՄՆ գնալու ժամանակ ամեն ինչ հետներս բերում էինք, որովհետեւ Հայաստանում այդ ապրանքները չկային»:

Անդրադառնալով կառավարության այն հայտարարությանը, որ Հայաստանը բանակցում է ՄՄ-ի հետ, որպեսզի 600 ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրք չկիրառվի, տնտեսագետն ասաց. «Իրենք շատ զգուշավոր են խոսում, այդ բանակցությունները միակողմանի շահ չէ, այստեղ կա Բելառուս, Ղազախստան Ռուսաստան, իրենք էլ իրենց շահն ունեն, որովհետեւ Հայաստանի տնտեսական շահը իրենց տնտեսության համար ավելի կարեւոր չէ, որքան իրենցը: Այն, որ Մաքսային միություն մտնելուց հետո գնաճ կլինի, դա հաստատ, որ գնաճը  բարձր կլինի` էլի հաստատ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728