Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Խորհրդային հոգեբուժարաններից միանգամից չենք կարող ազատվել». (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 17:58

Aravot.am-ը Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց, թե մեր երկիրը ե՞րբ է ազատվելու խորհրդային ժամանակներից ժառանգած հոգեբուժարաններից, որոնց գոյությունը հասարակության մեջ ավելի է խորացնում խարանն ու խտրականությունը հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց նկատմամբ:

Պարոն Դումանյանն այսօր մասնակցեց Հայաստանում հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց բուժօգնության մատչելիությունն ապահովելու նպատակով Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի եւ այս ոլորտում դեղարտադրող Սանոֆի ֆրանսիական ընկերության ու մեր երկրի միջեւ եռակողմ համագործակցության հուշագրի կնքման արարողությանը:

Պարոն Դումանյանի խոսքերով. «Մենք միանգամից դրանից հրաժարվել չենք կարող եւ տեղը նոր բան առաջարկել էլ չենք կարող: Պետք է հաշվի նստենք նրա հետ, որ այսօր մեր առողջապահական համակարգում առկա հոգեկան առողջության խնդիրները նաեւ այդ տեսքով ենք կարողացել պահպանել»:

Դերենիկ Դումանյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ մեր երկրում չի զարգանում հոգեբանի ինստիտուտը, որպեսզի մարդկանց հոգեկան խնդիրներն այնքան չխորանան, որ շատերը դառնան հոգեբուժարանների «հաճախորդ»:

Նախարարը փաստելով, որ մեր երկրում հոգեբանի պահանջարկն այնքան էլ մեծ չէ, ասաց, որ պետք է մարդուն բացատրել, որ կա անցումային մի շրջան, որ քեզ հոգեբանը պետք է. «Յուրաքանչյուր գործարար կարեւորագույն բանակցություններից առաջ պետք է հոգեբանական խորհրդատվություն ստանա, յուրաքանչյուր մեկը, որը պետք է իր կյանքում լուրջ քայլ կատարի, ասենք` ամուսնության, պետք է հոգեբանի հետ խորհրդակցի»:


Դերենիկ Դումանյանի խոսքերով, մտավոր հիվանդությունը կարող է բուժվել, եթե ցուցաբերվի համապատասխան մոտեցում եւ մեթոդոլոգիա. «Մտավոր հիվանդությունները բոլոր մյուս հիվանդությունների նման հիվանդություն է: Մարդկանց մեծամասնությունն  առողջանում է, եթե ժամանակին ստանում է ճիշտ բուժում: Այսինքն` ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք, ժամանակակից դեղորայքային բուժում տանք եւ բուժումը մատչելի  դարձնենք: Շիզոֆրենիայի 3/4-ը կարող է բուժվել ճիշտ մոտեցման դեպքում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728