Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանը` Սերժ Սարգսյանին. «Եթե ՀՀ-ում խոսքի ազատության ինչ-որ առաջընթաց կա, ապա դա հաստատ իր շնորհքը չէ»

Փետրվար 17,2014 17:54

«Ոնց որ կոնցլագերի ղեկավարությանը հարցնես ազատությունների մասին: Կոնցլագերում իհարկե կասեն, որ ունեն այնքան ազատություն, որքան բավարար է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչի՞ց են բխում ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե ՀՀ-ում մամուլը ազատ է, և միջազգային կազմակերպությունների գնահատականների միջև հակասությունը` ՀՀ-ում մամուլի ազատության մասին, այսպես պատասխանեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության 2014» զեկույցը, որտեղ Հայաստանը 180 երկրներից զբաղեցնում է 78-րդ տեղը` ընդգրկվելով նկատելի խնդիրներ ունեցող երկրների խմբի մեջ: :

Ըստ պարոն Բարսեղյանի` հակասությունը բխում է նաև «իշխանությունների Ճանաչողական հակասականության սինդրոմից: Իրենց ռեժիմն են պաշտպանում, դա իշխանական կողմը չէ, ռեժիմային կողմի ձևակերպումն է»:

Պարոն Բարսեղյանի համար զարմանալի է այն, որ ՀՀ-ում մամուլի ազատության վիճակն ավելի լավ է, քան Վրաստանում, որտեղ հեռուստաեթերում կարծիքների բազմազանությունն ավելի շատ է, քան Հայաստանում: Ըստ Լևոն Բարսեղյանի` «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ուսումնասիրությունները աչքի են ընկել մեղմությամբ:

Նշենք, որ հղում կատարելով այս զեկույցին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի կարծիք էր հայտնել. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը օրերս հրապարակեց աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014թ. զեկույցը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում՝ առաջ է իր բոլոր հարևաններից: Ըստ այդ զեկույցի` մենք մամուլի ազատությամբ գերազանցում ենք անգամ Եվրամիության որոշ երկրների՝ օրինակ, Հունաստանին, Բուլղարիային, էլ չեմ խոսում Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մասին, որոնք համարվում էին ազատության, ժողովրդավարության կղզյակներ: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մե՛ր ձեռքբերումն է»:

Լևոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի մտքերը մեկնաբանելը «անպտուղ գործ» համարեց ու նշեց. «Եթե ՀՀ-ում խոսքի ազատության ինչ-որ առաջընթաց կա, ապա դա հաստատ իր վարչախմբի ու իր շնորհքը չէ: Այս մարդը խոսքի ազատությունը շփոթում է մամուլի ազատության հետ, երբ պետք է հենվում է ինչ-որ կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, երբ պետք չէ, չի հենվում համանման զեկույցների վրա: Այս մարդն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս ապացուցել է, որ իր խոսքը գործից ու իրականությունից տարբերվում է: Այն ժամանակ, երբ ասում էր, թե գազը չի թանկանա, արդեն թանկացած է եղել, այդ մարդու խոսքերը մեկնաբանենք, որ ի՞նչ անենք: Հիլարի Քլինթոնի այցելության ժամանակ խոստացել էր, որ նոր օրենք կլինի հեռուստատեսության և ռադիոյի մասին: Մինչև հիմա այդ օրենքը չկա: Վերջին 15 տարում 200-ից ավելի ԶԼՄ-ների լրագրողների և ոլորտային հ/կ-ների վրա հարձակումներ են եղել, դրանցից մասնակի կամ ամբողջությամբ հազիվ հինգն է բացահայտել, 12 լրագրողական ավտոմեքենա է հրկիզվել, ոչ մեկը չի բացահայտվել ու այդ մարդը խոսում է խոսքի ու մամուլի ազատությունների՞ց»:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ՀՀ-ում ԶԼՄ-ները ենթարկվում են լուրջ քաղաքական ճնշման: Անդրադառնալով զեկույցին՝ նա ասաց. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականները ՀՀ-ի և ընդհանրապես հետխորհրդային երկրների մամուլի վիճակի վերաբերյալ բավականին մեղմ են, քանի որ իրենց մեթոդաբանությամբ նրանք ավելի շատ հաշվի են առնում այն երկրների իրավունքները, որտեղ լրագրողներին սպանում ու առևանգում են: Իսկ ինչպես մեր երկրում, որտեղ խոսքի ազատության միջամտությունը քաղաքական բնույթ է կրում, այդ կազմակերպության մեթոդաբանությունը չի կարողանում դա բավարար կերպով հաշվի առնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728