Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենափոքր ուխտավորը 1,5 տարեկան էր, ամենամեծը՝ 81. (Տեսանյութ)

Փետրվար 17,2014 17:32

Փետրվարի 2-13-ը հայաստանցի  ուխտավորների 65-րդ խումբը եղավ Երուսաղեմում: Այստեղ են գտնվում քրիստոնեական աշխարհի կարեւորագույն սրբավայրերը, որտեղ հայ եկեղեցին «կիսում» է  իրավունքները՝  հույն եւ կաթոլիկ եկեղեցիների հետ միասին: Հայաստանցի ուխտավորներից ամենակրտսերը 1,5 տարեկան Անգելինա-Մարիան էր, ամենատարեցը՝ 81-ամյա Սոնյա մայրիկը:

teodoros1 teodoros5 teodoros3

Ուխտավորներին հաճախ ուղեկցում էր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ հայր Թեոդորոս վարդապետ  Զաքարյանը: Նա կարեւորում է Երուսաղեմի հայոց Պատրիարքության դերը՝ իբրեւ դարեր շարունակ տեղի համաքրիստոնեական սրբատեղիների պահապան: Հայր սուրբը ներկայացնելով Երուսաղեմի Հայոց թաղամասը, նշեց, որ  այն 20 հա տարածք է զբաղեցնում, կազմում է Հին քաղաքի 1/6-րդը, իսկ հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում Քրիստոսի ծննդից առաջ է եղել: Որպես հոգեւոր միավոր մեր ներկայությունը Երուսաղեմում 154 թվականից է թվագրվում: «Այդ ժամանակ արդեն կազմակերպված եկեղեցի էինք, հայ եպիսկոպոսաց իշխանություն էր: 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք սուրբ Երկրում»,-պատմում է  հայր Թեոդորոսը:

1843թ. բացվել է Ժառանգավորաց վարժարանը, որը մինչ օրս գործում է Պատրիարքարանի տնօրինության ներքո:

Հայր Թեոդորոսն ուրախությամբ է փաստում, որ վարժարանում  սովորելու են գալիս երիտասարդներ նաեւ պատմական Հայաստանի տարածքից` Դիարբեքիրից: Ներկայումս երկու ուսանող ունեն Արեւմտյան Հայաստանից: Տղաները վարժարան ընդունվելիս հայերեն խոսել չեն կարողացել, իսկ այժմ լիարժեք տիրապետում են մայրենի լեզվին:

Հավելենք, որ հայաստանցի ուխտավորները, ի թիվս այլ սրբավայրերի, այցելեցին նաեւ Սրբոց Հակոբեանց մայրավանք, սուրբ Հարության տաճար, Սիոն լեռան եւ Գալիլիայի ծովակի սրբավայրեր, Գեթսեմանի պարտեզ,  «Հայր մեր» եկեղեցի, սուրբ Նիկողայոսի Հայոց վանք, Երանիների լեռան եկեղեցի եւ այլն: Իսկ Գալիլիայի ծովակի վրա նավով շրջելիս ոչ միայն Հայոց Եռագույնը ծածանեցին, այլեւ մերի օրհներգը հնչեցրին: Ինչ վերաբերում է «Հայր Մեր եկեղեցուն», այստեղ բոլոր լեզուներով գրված է Հայր մերը: Հայալեզու «Հայր մերը» երրորդն է արաբերենից ու լատիներենից հետո, եւ գտնվում է եկեղեցու ամենապատվավոր տեղում:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Երուսաղեմ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728