Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը հույսեր է կապում քաղաքական մեծամասնության հետ

Փետրվար 17,2014 17:11

«Ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչը գլխիվայր շուռ տալ և ներկայացնել սա՝ որպես վատ»,- շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարում անդրադառնալով «ՀայՌուսգազարդի»  20 տոկոս բաժնեմասի վաճառքին վերաբերվող հարցին՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսինքն՝ այդ մոտավորապես 300 մլն ԱՄՆ դոլարը որտեղի՞ց է գոյացել: Եթե մենք այդպիսի երկարատև, ծանր բանակցություններ չվարեինք, ուրեմն՝ մենք պետք է 2011 թվականից սկսած թանկացնեինք գազի գինը, և այդ 300 մլն դոլարը պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի գրպանից, տնտեսության գրպանից և այլն: Մեզ զիջել են այդ գոյացածի 50 տոկոսը: Երրորդ՝ ինչ վերաբերում է 20 տոկոսին: Ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել և այլն: Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր տալիս այդ 20 տոկոսը: Եթե մենք՝ որպես պետություն, տարիների ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը, այսինքն՝ 80 տոկոսը կարելի էր վաճառե՞լ, 20-ը չէ՞ր կարելի վաճառել: Տարօրինակ չի՞: Թող որևէ մեկն ինձ ասի՝ այդ 20 տոկոսն ի՞նչ էր մեզ տալիս: Քանի՞ լումա մեզ դիվիդենտ է բերել: Կամ այդ 20 տոկոսն ի՞նչ է՝ մեզ հնարավորություն էր տալիս այնտեղ տնօրեն նշանակելո՞ւ կամ ի՞նչ անելու՝ որոշումների վրա ազդելո՞ւ: Պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որպեսզի այդ ընկերությունը լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, թե ինչ՝ գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է 20 տոկոսի գնին, ապա ես հիմա կարող եմ հայտարարել՝ եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը»,- շարունակեց նախագահը:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը չհամաձայնեց նախագահի դիտարկումների հետ: «Ցանկացած հիմնարկության մեջ, եթե ունես բաժնեմաս, եթե այդ բաժնեմասը դիվիդենտներ է բերում՝ դրա վաճառքի համար պետք է մտածել՝ ո՞րն է շահավետ՝ վաճառե՞լ, թե՝ անընդհատ դիվիդենտ ստանալ: Առավել եւս, որ սա ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է: Ես չգիտեմ: Պետք էր ուսումնասիրել, թե ինչո՞ւ շահույթով չի աշխատում»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է խորհրդարանում ծավալված գործընթացը, երբ քաղաքական մեծամասնությունը մերժեց «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկը, ապա հայտարարեց, որ մեծամասնության նախաձեռնությամբ այն կստեղծվի. «Թող անեն՝ ուսումնասիրենք եւ այն ժամանակ կերեւա՝ ո՞րն էր ճիշտը: Բայց ես միշտ գտնում եմ, որ այն ակտիվները, որոնք տարիների ընթացքում մենք դրել ենք գազաշինության մեջ՝ 1998 թվականին պայմանագիր ենք կնքել, իսկ դրանից հետո արդեն 15 տարի համայնքային եւ պետական բյուջեից մենք հսկայական ծրագրեր ենք իրականացրել եւ գազաֆիկացրել ենք Հայաստանը, այս ակտիվներն ինչո՞ւ են սառած մնում: Ես այս ակտիվները կտայի: Ինձ ասացին՝ դրանք կառավարության հաշվեկշռում են: Ի՞նչ է անում կառավարության հաշվեկշռում մեռած գռուզը, որը շահագործում է «Գազպրոմը»: Մեզ դրա դիմաց դիվիդենտ տալի՞ս է, թե՝ ոչ: Միգուցե սա կարելի էր պարտքի տեղ տալ: Հաշվարկի եւ ուսումնասիրությունների խնդիր է եւ կարծում եմ, եթե քաղաքական մեծամասնությունն իսկապես մտադիր է հանձնաժողով ստեղծել՝ պատասխաններ կստանանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728