Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կազմակերպած գազի կալորիականության վերաբերյալ քննարկմանը ներկա էր նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որն իր կարծիքը հայտնեց գազի որակի վատթարացման եւ կալորիականության չափաբաժնի ստուգման խնդիրների վերաբերյալ:
«Քննարկումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք երկրում ընդհանրապես պրոբլեմներ չունենք եւ բոլորով հավաքվել ենք այստեղ՝ դրանում համոզվելու համար: Սակայն կան շատ ակնառու խնդիրներ, որոնք հիմա կթվարկեմ»:
Պրն Պիպոյանը օրինակ բերեց այն փաստը, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պնդում է, որ եթե գազի մեջ օդ խառնվի, ապա այն կդառնա պայթյունավտանգ. «Սակայն ես կարող եմ գրականություն ներկայացնել, որտեղ գրված է, որ նույն օդի որոշակի տոկոսը գազի համար պայթյունավտանգ չէ»:
Պրն Պիպոյանը նաեւ պնդում է, որ գազի մեջ առկա է կարմիր բոց, որը արդեն թվում է կասկածելի:
Կարդացեք նաև
Պրն Պիպոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ուսումնասիրություն է կատարել այն ընտանիքներում, որտեղ կա փոքր երեխա. «Թե՛ նախորդ տարի եւ թե՛ այս տարի այդ բնակարաններում կաթսան աշխատել է առավելագույն ջերմաստիճանով: Այսինքն՝ ծախսը պետք է լիներ միշտ նույնը: Նախորդ տարի կարելի էր ապահովել 27 աստիճան ջերմություն, այս տարի 22 աստիճան՝ քանի որ այս տարի ցուրտ էր: Սա պետք է ծախսի հետ խնդիր չառաջացներ: Սակայն քաղաքացիների մոտ այն 10-12 տոկոսով ավելի շատ էր»:
Պրն Պիպոյանը նաեւ պնդում է, որ գազի կալորիականությունը ստուգելուց զատ պետք է ստուգել նաեւ գազի ֆիզիկոքիմիական ցուցանիշները:
Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ այս խնդիրները չլուծած՝ անիմաստ է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի գազի կալորիականության ստուգման խնդրով:
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ