Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի շենքի ճակատից վերջերս օլիմպիական խորհրդանշան հինգ օղակները հանվել են եւ դրանց փոխարեն տեղադրվել է բռնցքամարտի ձեռնոց: Եվ դա այն դեպքում, որ մարզադպրոցի անվանման մեջ կա «օլիմպիական» բառը:
Հետաքրքիր է, թե ինչո՞վ էին խանգարում հինգ օղակները այդ դպրոցում բռնցքամարտի զարգացմանը: Եթե ձեռնոցի առկայությունը պարտադիր էր, որպեսզի անցորդներն իմանային, որ այդտեղ բռնցքամարտի մարզադպրոց է գործում, կարելի էր այն էլ տեղադրել` թեկուզ հինգ օղակների վերեւում:
Հիշենք, որ 2011 թվականին լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի խնդրանքով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզադպրոցում նրա իսկ անվամբ թանգարան ստեղծեց, իսկ ավելի ուշ օլիմպիական չեմպիոնի 80-ամյակը մեծ շուքով նշեց «Մոսկվա» կինոթատրոնում:
Քանի որ մարզադպրոցը գտնվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաշվեկշռում, կարծում ենք` նախարար Յուրի Վարդանյանը կմիջամտի եւ թյուրիմացությունը կշտկվի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ