Լրահոս
Օրվա լրահոսը

Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից

Փետրվար 17,2014 15:09

Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է:  Եվ այս հարցում մենք ակնկալում ենք ոչ թե ձևական, այլ կոնկրետ և նպատակային քայլեր: Ինչպես մեզ, այնպես էլ բնակիչներին չի կարող գոհացնել այն, որ մատակարարվող ջրի ճնշումը պատշաճ է միայն այն դեպքում, երբ ընկերության տեսուչն է այցելում բնակարաններ: Վերանայեք ձեր աշխատաոճը և մի մոռացեք, որ հենց մեր բնակիչները, ովքեր նաև ձեր բաժանորդներն են, արդարացիորեն պահանջում են որակյալ ծառայության մատուցում, ինչն, ի դեպ, ձեր պայմանագրային պարտավորությունն է երևանցու առաջ: Ըստ այդմ, հետևողական աշխատանք տարեք բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին հնարավորին կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել աշխատակազմի պատասխանատուներին ևս սերտորեն աշխատել համատիրությունների հետ և արագ արձագանքել բնակիչների կողմից բարձրացված դժգոհություններին:

Երևանի քաղաքապետարանի բարեկարգման 2014թ. ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին: Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական և Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից:  Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ և հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն. «Այգիների բարեկարգման աշխատանքների ավարտին մեր համաքաղաքացիները օր առաջ են սպասում: Մենք պետք է գործընթացն իրականացնենք այնպես, որպեսզի մեր բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերն  արդեն ամռանը իրենց հանգիստն անցկացնեն բարեկարգված զբոսայգիներում»,- ընդգծել է քաղաքապետն ու նաև հանձնարարել է պատասխանատուներին, «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում, բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է այս մասով ևս արագացնել ու սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները:

Ամենօրյա հսկողության շարունակականության ապահովման խնդիր է դրվել նաև ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված  ապօրինաշինության 4 դեպք: Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաև մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման մասով:

Անդրադառնալով «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաև սկսել գարնանային ծառատունկի և կանաչապատման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու այս տարի նախատեսվող  ծրագրերը:

Այնուհետ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկայացրել է 2013թ. ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության ամփոփ տվյալները:

Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը,  ներկայացնելով 2013թ. վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ զգալիորեն աճել են քաղաքապետարանի կողմից  օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության որոշումների նախագծերի թիվը: Առաջընթաց է արձանագրվել նաև իրավական վարչարարության մյուս ոլորտներում: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728