«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, արդեն 6-րդ տարին է՝ գիրք նվիրելու օրն է: Եվ այդ օրն էլ մարդիկ համոզվում են, որ աշխարհում գրքից լավ նվեր չկա»,- Գրողների միությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
«Գիրք նվիրելու օրը ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ անցկացվում են միջոցառումներ»,-ասաց պրն Միլիտոնյանը: Նա թվարկեց այն դպրոցները, որտեղ անցկացվելու են այդ միջոցառումները. Հովհ. Թումանյանի, Ս. Զորյանի, Խ. Դաշտենցի, Խ. Աբովյանի, Ալ. Շիրվանզադեի, Վ. Տերյանի, Հ. Սահյանի անվան դպրոցներում, N94, N192 դպրոցներում, Մ. Սեբաստացու անվան կրթահամալիրում, ինչպես նաև՝ Նորքի ծերանոցում: Պրն Միլիտոնյանը նաև ասաց, որ այդ վայրեր են հյուրընկալվելու նաև գրողներ, բանաստեղծներ, մանկագիրներ և այլք:
Իսկ ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության հետ իրականացվող ծրագրին, միության նախագահն ասաց. «Նախարարությունը տարեվերջին կամ տարեսկզբին ցուցակագրում է 3 տարի առաջ հրատարակված գրքերը, որոնք չեն իրացվել և բաժանում հանրապետության և Արցախի գրադարաններին: Ամեն տարի համալրելով մեր գրադարանները, հատկապես ժամանակակից գրականության մասով՝ տարիների բացը լրացվում է: Դա վերաբերում է 1993-2005 թվականներն ընկած ժամանակահատվածը: Եվ այդ բացը լրացնելու համար այսպիսի որոշում կայացվեց: Մի քանի օրից մարզային գրադարաններից կգան և կտանեն գրքերը»: Մարզերի գրադարաններին գիրք նվիրել կարող են բոլորը: «Ով գիրք ուզում է նվիրել, թող բերի միություն: Մենք մեր միջոցներով կառաքենք: Կարևոր չէ քանակը. մենք պահպանում ենք տոնի խորհուրդը»,- ասաց պրն Միլիտոնյանը: Նա անձամբ է Արցախ տանելու հավաքված գրքերը և անտեղ մասնակցելու տոնին նվիրված միջոցառմանը:
Այնուհետև սկսեց խոսել էլեկտրոնային գրքերի մասին, արդյո՞ք պատշաճ է նվիրել այդպիսի գրքեր: «Էլեկտրոնային գրքեր էլ կարող են նվիրել: Պետք չէ հակադրել էլեկտրոնային և դասական ոճի գրքերը: Պետք է քարոզել, որ կարդան, ով ինչ տեսակ ուզում է: Իսկ ինչ վերաբերում է դասական գրքերին, դրանք չեն մահանում»,- ասաց պրն Միլիտոնյանը:
Կարդացեք նաև
Վարդուհի ԲԱԼՅԱՆ