Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ առողջապահության նախարարության՝ պատվաստումների արդյունավետությունն ակնհայտ է

Փետրվար 17,2014 12:55

Հայաստանի Հանրապետությունում նոր պատվաստանյութերի սահուն ներդրման և հաջող իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել ռոտավիրուսային վարակների և հեմոֆիլուսային Բ մանրէով հարուցված մենինգիտների (ուղեղի թաղանթի բորբոքում) կանխարգելման և վերահսկման գործընթացներում:

Հայտնի է, որ ռոտավիրուսային վարակները ծանր ընթացքով և  ջրազրկումով ուղեկցվող դիարեաների հիմնական պատճառն են: Դրանք տարածված են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Հաշվի առնելով այս հանգամանքները` առողջապահության նախարարությունը 2012թ. նոյեմբերից ներդրեց ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Դրանց արդյունավետությունը դրսևորվեց կարճ ժամանակամիջոցում: Մինչ ներդրումը յուրաքանչյուր տարի ռոտավիրուսային վարակների սեզոնային առավելագույն բարձրացման (փետրվար-մարտ) ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում էր ռոտավիրուսային վարակներով պայմանավորված առնվազն 50-60 տոկոս հոսպիտալացում: Պատվաստումների ներդրումից հետո` 2013թ. սեզոնին բոլոր տարիքային խմբերում դիտվեց  հոսպիտալացման մակարդակի կրկնակի նվազում (2012թ. փետրվար-մարտին` 52%, 2013թ. փետրվար-մարտին` 23%): Նվազումն ակնառու է հատկապես պատվաստման ենթակա տարիքային խմբում` մինչև 1 տարեկան երեխաների շրջանում (2012 թվականին`  196 դեպք, 2013 թվականին` 68 դեպք):

Մանրէային մենինգիտներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մանկական հիվանդացության, հաշմանդամության և մահացության  պատճառահետևանքային կառուցվածքում: Այդ իսկ պատճառով, 2009թ. առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումների իրականացմանը: Ներդրումից հետո 4 տարվա կտրվածքով հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 2.4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը` 2009թ. 19.3 (100000 մինչև 5 տարեկան երեխաների հաշվարկով), 2013թ` 7.9:

Մենինգիտների վերլուծությունը, ըստ առանձին հարուցիչների (հեմոֆիլուսային, մենինգակոկային, պնևմակոկային, տուբերկուլոզային և այլն), ցույց է տալիս, որ 2009-2010թթ. գրանցված դեպքերի 20-24 %-ը բաժին է ընկել հեմոֆիլուսային Բ վարակին: 2011թվականից հետո հեմոֆիլուսային Բ վարակով մենինգիտի դեպքեր չեն գրանցվել` բացառությամբ 2013թ. 1 դեպքի. չպատվաստված երեխայի մոտ: Մենինգիտներով հիվանդացության նվազումը նպաստել է հանրապետությունում մանկական մահացության և հաշմանդամության իջեցմանը, քանի որ նույնիսկ ճիշտ բուժման դեպքում  հեմոֆիլուսային մենինգիտներով  հիվանդ երեխաների  մինչև 25 %-ի մոտ կարող է դիտվել մահացու ելք, իսկ մինչև 35%-ի մոտ կարող են մնալ կայուն նյարդաբանական բարդություններ (շարժունակության սահմանափակումներ, մտավոր զարգացման արատներ և լսողության կորուստ):

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728