Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Հովհաննիսյան. «Որոշ մարդիկ հրճվում են իրենց ադամանդներով, ես` իմ բարի գործերով»

Փետրվար 17,2014 12:02

Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրվա կապակցությամբ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանն անդրադարձավ «Օրրանի» խնդիրներին ու նվաճումներին: Նա նշեց, որ շուտով լրանալու է «Օրրանի» 14 տարին, պատմեց կազմակերպության ստեղծման ընթացքն ու ճակատագիրը. «Մենք` ես եւ Րաֆֆին սկսեցինք 16 փողոցում հայտնված երեխաներով… Այսօր Երեւանում ունենք 100 երեխա, 50 ծեր, որոնց խնամքով ենք զբաղվում, եւ արդեն երկու տարի է Վանաձորում եւս գործում է «Օրրանը», որտեղ էլ` երեխաների թիվը հասնում է 80-ի, եւ այսօրվանից սկսած` շնորհիվ Թանկյան ընտանիքի` տաք սնունդ կստանան նաեւ Վանաձորցի մեծահասակները»:

Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես են զբաղվում երեխաների խնամքով, նրանց զբաղվածությամբ ու կրթությամբ: Նաեւ հավելեց, որ սկզբում երեխաների ընտրությունը դժվար էր լինում, որովհետեւ նրանց թվում էր, թե «Օրրանը» մանկատուն է` «Փորձում էինք երեխաների մոտ մտահոգությունը կոտրել: «Օրրանը» մանկատուն չէ, եւ անկախ ամեն ինչից երեխաներն ուզում են իրենց ծնողների հետ ապրել, թեեւ, նրանցից ոմանք ծնողներ չունեն: Ես անձամբ եմ այցելում նրանց տներ, հենց քաղաքի կենտրոնում, ծանոթանում նրանց դաժան ապրելակերպին, որոնց կողքով շատերն այնքան անտարբեր են անցնում»:

Արմինե Հովհաննիսյանի ձեւակերպմամբ` բարեգործությունը վարակիչ բան է դառնում, երեխաներն իրենք էլ են բարիանում ապրելով «Օրրանի» պատերի ներքո: Ըստ նրա`եղել են դեպքեր, երբ ընտանիքներն իրար օգնել են, իսկ այդ մասին իրենք հետո իմացել ու լավ զգացել:

Արմինե Հովհաննիսյանը գտնում է, մարդիկ պետք է ապահովված լինեն աշխատանքով, որպեսզի վատ վիճակում չհայտնվեն, իսկ դրանից չտուժեն երեխաները: Տեղեկացանք, որ «Օրրանն» արդեն որոշ ծնողների օգնել է աշխատանք գտնելու հարցում:

Արմինե Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք, երեխաներին «Օրրանում» տարբեր արհեստների տիրապետել են սովորեցնում հենց երեխաների ցանկությամբ եւ ընտրությամբ, բացի այդ` կան երեխաներ, որոնց համար մասնագետներ են գտնում, որոնք պարապում են, ինչի շնորհիվ երեխաներից ոմանք արդեն համալսարաններ են ընդունվել, քոլեջներ. «Օրրանը» կամավորների կարիք ունի, երեխաներին ուսման հարցում օգնելու համար»,- ավելացրեց նա:

Արմինե Հովհաննիսյանը վերջում հավելեց, որ ցավոք «Օրրանի» միջոցները սահմանափակ են ու ինչքան էլ, որ ցանկությունը մեծ է մարզերում եւս բացել «Օրրանի» մասնաճյուղեր` այս պահին, ցավոք, հնարավոր չէ. «Ես բարեգործություն եմ անում, որովհետեւ եսասեր մարդ եմ ու եթե որոշ մարդիկ հրճվում են իրենց ադամանդներով, ես` իմ բարի գործերով: Բայց բարեգործություն անելը, ցավոք, միայն հրճվանքի պահեր չի պարգեւում, երբեմն գալիս են այնպիսի մարդիկ, որոնք մեծ գումարների ակնկալիք ունեն, որովհետեւ երեխային բուժում է պետք…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728