Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համակարգի «խորամանկությունը»

Փետրվար 17,2014 11:47

Հայաստանում վարչապետն ու կառավարությունը հարմար թիրախ են

Հայաստանում ընդդիմությունը սովորաբար խուսափում է, կասեի նույնիսկ՝ ծուլանում է լուրջ քաղաքական օրակարգ ձեւավորել: Ինչի համար է պետք գլուխ կոտրել, եթե կարելի է ասել՝ «անհապաղ հրաժարական (նախագահի, վարչապետի կամ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի), եւ վերջ»: Բոլորը գոհ են, կուսակցությունները բավարարված են, ժողովուրդը հիանում է նրանց խիզախությամբ եւ միանգամայն համամիտ է «անհապաղ հրաժարականի» կոչերի հետ, իսկ իշխող կուսակցությունը տարիներով շարունակում է իշխել եւ ուտել այն, ինչ ձեռքի տակ է ընկնում: Տվյալ դեպքում Հանրապետականը դա անում է արդեն ավելի քան 20 տարի, սկզբից՝ որպես ՀՀՇ-ի արբանյակ, այնուհետեւ «ինքնուրույն»:

Եթե ընդդիմությունը (կամ այլընտրանքը) չեն բարձրացնում քաղաքական օրակարգի առանցքային խնդիրները, ապա դա, իհարկե, չափազանց ձեռնտու է իշխանությանը, որը նույնպես բացարձակապես շահագրգռված չի դրանց մասին խոսել:

Ո՞րն է Հայաստանի հետ կապված վերջին կարեւորագույն իրադարձությունը՝ մաքսային միությանը անդամակցե՞լը, թե՞ կուտակային կենսաթոշակը: Վերջինիս մասին, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների վերաբերյալ մեծագույն հաճույքով շաբաթ օրը խոսեցին թե Սերժ Սարգսյանը եւ թե Գագիկ Ծառուկյանը: Մաքսային միության մասին՝ ոչ մի բառ: (Արդարացումները, թե ոչ ոք չգիտի, թե ինչ է Մաքսային միությունը, այսօր արդեն չեն անցնում՝ ճանապարհային քարտեզը հրապարակվել է):

Իսկ «կուտակայինը» բավականին «անշառ» թեմա է՝ այն առումով, որ ծայրահեղ դեպքում նախագահին ոչ մի բան չի խանգարում ասել՝ «սիրուն չի, Տիգրան ջան» եւ խնդիրը հետաձգել 4 տարով՝ մինչեւ իր իրավասությունների ավարտը: Կամ ասել՝ «Արմեն Մովսիսյան, լավ չես բանակցել գազի գնի շուրջ, այ, եթե Վարդան Օսկանյանը լիներ, նա հրաշալի կբանակցեր»:

Այստեղ է, որ ի հայտ է գալիս մեր պետական եւ, հետեւաբար, նաեւ քաղաքական համակարգի «խորամանկությունը»: Իշխանական իրական լծակները գտնվում են նախագահի ձեռքում՝ նրան են ենթարկվում ուժայինները, բանակը, հարկայինը, մաքսայինը եւ այլն: Տնտեսական իրավիճակի, պայմանագրերի, կուտակայինի եւ մնացածի համար պատասխանատվությունը կառավարությանն է եւ վարչապետինը, եւ քանի որ մեր տնտեսական իրավիճակը միշտ վատն էր եւ մոտակա ժամանակներս ավելի լավը չի լինելու, նրանք դառնում են բոլորի համար շատ հարմար թիրախ եւ, անհրաժեշտության դեպքում, քավության նոխազ: Կառավարությունը լծակներ չունեցող «զավխոզ է», որին «տնօրենը» ամեն պահի կարող է հանել:

Խնդիրը, հետեւաբար, համակարգային է: Կառավարության անդամները գալիս են խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորները նրանց տեղը-տեղին «քլնգում են», հեռուստախցիկների առաջ ժողովրդի անխոնջ մարտիկների համբավ են ձեռք բերում, նախարարները իրենց լեզվի ճարպկության չափով արդարանում են: Սակայն վերջնական որոշումներն ընդունողները նրանք չեն՝ նախագահն է, որն ազատված է այդ անմիջական հարվածներն իր վրա ընդունելու տհաճ պարտականությունից:

Այդպես չէ, ասենք, Միացյալ նահանգներում, որտեղ վարչապետ չկա, եւ սենատորներն ու կոնգրեսմենները իրենց դժգոհությունները հայտնում են նախագահի վարչակազմից, որը հենց կառավարությունն է: Այդպես չէ, բնականաբար, նաեւ այն երկրներում, որտեղ կառավարման համակարգը խորհրդարանական է: Երկու դեպքում էլ ընդդիմությունը իշխանության առաջ դնում է կարեւորագույն քաղաքական խնդիրներ, եւ դրանք չլուծելու պարագայում ոչ թե օդի մեջ հրաժարական է պահանջում, այլ գործուն օրինական քայլեր է ձեռնարկում այդ հրաժարականի համար:

Հայաստանում միակ ուժեղ վարչապետը Վազգեն Սարգսյանն էր: Թե ինչով դա ավարտվեց, հայտնի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728