Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է: Տոնին ընդառաջ փորձեց ինք պարզել, թե մեր քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ինչ բարի գործեր են կատարել իրենց կյանքում: Այս նպատակով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:
«Եղել է, որ ուսանողներիցս մեկը առողջական խնդիրների պատճառով դժվարացել է գալ քննության կամ պատրաստ չի եղել, ես փորձել եմ այնպես անել, որ նրա մոտ գնահատականի պատճառով որևէ բացասական խնդիր չառաջանա»,- ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը տոնի կապակցությամբ պատմեց իր բարեգործություններից մեկի մասին՝ պնդելով. «Այսպիսի դեպքեր շատ են եղել, գուցե ուսանողների տեսակետից սա բարություն է, բայց ես դժվարանում եմ դա բարություն որակել և կոնկրետ որևէ դեպք առանձնացնել»:
Կարդացեք նաև
Նա նաև հավելում է, որ մասնագիտության առումով շատ է առնչվում քաղաքացիների խնդիրների հետ, փորձում է հնարավորինս աջակցել լուծել դրանք. «Օրինակ՝ վերջերս լսեցի ժառանգության հետ կապված մի դատական գործ: Այդ խնդրի հետ կապված ես փորձեցի ամեն կերպ օգնել այդ քաղաքացուն»,-ասում է նա:
Ըստ ԱԺ պատգամավորի՝ բարությունն իր մեջ պարփակում է մի շարք որակներ՝ նվիրվածություն, վստահություն մարդկային արժեքների նկատմամբ և այլն:
Մեր խնդրանքին՝ նշել որևէ դեպք, երբ այլոք են նրա հանդեպ բարություն գործել, պատմում է. «Ասպիրանտուրա ընդունվելու համար մի շատ բարդ քննության էի պատրաստվում: Նախօրեին ես շատ ծանր հոգեվիճակում էի, նույնիսկ որոշել էի չմասնակցել քննությանը: Սակայն ընտանիքիս անդամները, ընկերներս հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին, և ես կարողացա հաղթահարել այդ ծանր հոգեվիճակը: Եթե նրանք չաջակցեին ինձ, չեմ կարող ասել, թե ինչ կլիներ»: Արփինե Հովհաննիսյանը տոնի կապակցությամբ մաղթում է բոլորին ամեն քայլափոխի բարություն անել. «Բարությունը հեշտացնում է կյանքը: Թող մարդիկ իրենց հոգում բարությունը համարեն այնպիսի հատկանիշ, ինչպիսին առողջությունն է մարմնի համար… Նախ մենք պետք է բարի գործեր անենք, որ հետո կարողանանք մեզ թույլ տանք այնպիսի «եզակի բաներ», ինչպիսին բարի մարդկանցով շրջապատված լինելն է»,-ասում է նա:
«Մարդկանց հանդեպ չարություն չանելն արդեն իսկ բարություն է», – ասում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Հավելում է. «Բարությունը կարեկցանք է, որը անմիջապես վերածվում է գործի՝ օգնելով մարդկանց: Ես կարծում եմ, որ բարությունը մարդկային որակ է, ավելի ճիշտ կենսակերպ է»:
Մեր խնդրանքին՝ նշել իր կատարած բարի արարքներից որևէ մեկը, պատասխանում է. «Ես վարանում եմ առանձնացնել որևէ դեպք, որ անձամբ բարություն եմ կատարել ինչ-որ մեկի հանդեպ: Երևի թե այն, որ մեր կազմակերպությունը զբաղվում էր մարդկանց որոնմամբ, ինչպես նաև վերադարձմանը նպաստելուն, ովքեր հայտնվել են Ադրբեջանում, ինչը շատ մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքում»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը պնդում է, որ չպետք է բարի արարքներ կատարել տարվա մեջ միայն բարության միջազգային օրերին, այլ ամեն օր:
Հարցին՝ Ձեր հանդեպ շա՞տ են բարի արարքներ կատարում՝ պատասխանում է. «Այո, այդ առումով ես երջանիկ եմ, որովհետև շրջապատված եմ բարի մարդկանցով»:
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը ևս պատմում է իր բարի գործերից մեկի մասին. «Մի կին իր նկուղը սեփականաշնորհելու հարցով հայտնվել էր անելանելի հոգեվիճակում: Նրան ֆուտբոլի գնդակի պես ուղարկում էին տարբեր պետական մարմիններ, որտեղ ասում էին, թե վկայականի մեջ անվան սխալ կա և այլն,-ասում է նա և հավելում, երբ կինը այդ խնդրի հարցով դիմում է Ազգային Ժողով, հայտնում է, որ այդ ծանր ապրումներից ինֆարկտ է տարել. «Իսկապես նա չափազանց դժվար էր խոսում, դժվար շարժվում»:
Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Շարունակելի