Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը տեսել է` մեքենայի հարվածից որդու ոտքերից մեկը կտրվել է

Փետրվար 16,2014 17:03

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի վարույթում է գտնվում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը, որի նախաքննությունն ավարտվելու փուլում է:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը ծանոթանում է գործի նյութերին:

Անցյալ տարվա հուլիսի 30-ին Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք: Առավոտյան ժամը 11.30-ի սահմաններում Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Հրազդանի բնակիչ Նվեր Աբելյանի նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խաչատրյանն (ի դեպ,պաշտպանությունն ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը) իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Նվեր Աբելյանին, պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել է փախուստի: ժամը 23.35-ին Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքը տեղի էր ունեցել Նվեր Աբելյանի մոր՝ տիկին Անահիտի աչքերի առջև: Նրա աչքի առջև որդուն վրաերթել են՝ մեքենայով 3 անգամ հարվածելով, որի ժամանակ մեքենայի ուժգին հարվածից նրա ոտքից մեկը կտրվել է:

Ըստ փաստաբանի, նախաքննական մարմնի համար սա դիտվել է իբրև հասարակ սպանություն՝ անտեսելով առանձնակի ցինիզմը, խուլիգանական դրդումները և էլի շատ կարևոր հանգամանքներ, որոնք ի հայտ են եկել գործի նախաքննության ժամանակ:

Տիկին Անահիտն իր բացատրության մեջ (ձեռագիր տարբերակը Aravot.am-ում է) մանրամասն նկարագրել է տաս տարուց ավելի թշնամանքի մասին, որը եղել է կասկածյալի, նրա եղբոր եւ իր որդու միջեւ:

Նվեր Աբելյանին սպանել են իր նախկին կնոջ եղբայրները՝ քրոջ «թասիբը» պահելու համար, թեև այսօր մեղադրանք է առաջադրվել միայն մեկին:

Տարբեր թշնամական դրսեւորումների մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը, նույն այս քննիչին, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկվել, եւ հետեւանքը եղավ այս սպանությունը:

Մայրը նկարագրել է, թե ինչպես է իր որդին փորձել տեսակցություն ունենալ իր երեխայի հետ, սակայն թույլ չեն տվել: Իսկ մի անգամ էլ կանչել է նախկին հարսին` երեխայի տեսակցության համար փորձել է խոսել նրա հետ. «Նա թեւիս տակից քաշեց պայուսակս, որի մեջ կար երկաթե պոչով հովանոց, խփեց իմ գլխին, մարմնիս տարբեր մասերիս: Ցավից ես ուշագնաց եղա»,-գրել էր մայրը;

Ի դեպ, այս դեպքի հետ կապված կասկածյալի հարազատների գործը հասել է ոստիկանության բաժին, սակայն նրանց հարազատը` Եղիշ անունով, որը նույնպես ոստիկանության բաժնում է աշխատում, մոր ուշքի գալուց հետո տեսնում է, թե ինչպես են նրանք հարվածել են տիկին Անահիտին, եւ գցել ատամնաբուժարանից դուրս գտնվող կանգառում: Մորն այն ժամանակ տրվել էր դատաբժշկի ուղեգիր:

Իր բացատրության մեջ տիկին Անահիտը հիշել էր , թե ինչպես մի անգամ կասկածյալը եւ նրա եղբայրը ավտոմեքենան քշել են իր եւ որդու` Նվերի վրա, այդ մասին կրկին տեղյակ է պահել քննիչ Կ.Գրիգորյանին:

Բացատրություն չէր վերցվել այդ ժամանակ էլ: Մինչ սպանությունը, Նվերի տան մուտքի մոտ հայտնվել էր սգո ծաղկեպսակ, սպառնալիքներով; Այդ մասին էլ էր տեղյակ պահվել ոստիկանությանը:

Ի դեպ, տիկին Անահիտը վրդովված է եղել հեռուստատեսության տարածած այն լրատվությունից, թե թաղման օրը Նվերի հարազատները «գրոհել»են նախկին հարսի հոր տան վրա:

«Դեպքի վայրում եղել են նախկին հարսի բարեկամները, իսկ Նվերի կողմից ոչ ոք չի եղել»,-գրել էր տիկին Անահիտը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարում Լիանա Գրիգորյանն է

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728