Հունվարի 31-ին արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մերժեց Ռուբեն Ամատունուն. երրորդ անգամ կալանավորը դիմել էր վաղաժամկետ պայմանական ազատման համար` «Դատապարտյալը դեռ լիարժեք դրական չէ, ծանր է» պատճառաբանությամբ:
Դատապարտյալը հղում է անում ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածի նպատակի մասին. կանխել հետագա հանցագործությունները, վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել հանցանք կատարած անձին:
Ռուբեն Ամատունին ուղարկած իր նամակում հայտնում է, որ պատիժը վաղուց հասել է իր նպատակին, իրեն կալանավորելով կանխել են հնարավոր հետագա հանցագործությունները;
Ըստ նրա, վերականգնվել է սոցիալական արդարությունը, քանզի կալանավորը հատուցել է դատարանի որոշմամբ արձանագրված, պատճառված 143 հազար դրամը, եւ այս պահին կալանավորի նկատմամբ այլ քաղհայց, եւ պահանջներ չկան:
Կարդացեք նաև
«Ես ուղղվել եմ, ինչը բազմիցս ապացուցվել էի կարգապահությամբ եւ վարքով, ես չունեմ որեւէ կարգապահական խախտում: Արժանացել եմ խրախուսանքների, տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար»,-հայտնում է Ռուբեն Ամատունին:
Նրան բնութագիր է տվել կալանավայրի վարչակազմը, համաձայն որի, Ռուբեն Ամատունին բնութագրվում է դրական, սակայն հաշվի առնելով նրա կատարած հանցագործությունը, վտանգավորության աստիճանը, ադմինը գտել էր, որ պատժի մնացած մասը կրելու կարիք ունի:
Երբ դատապարտյալն այդ մասին բարձրաձայնել է լրատվամիջոցներով, այդ թվում նաեւ Aravot.am-ում, նրա բնութագրին ավելացվել է. «դեռեւս լիարժեք դրական չէ, ագրեսիվության միջին ցուցանիշ է դրսեւորում, նկատվում է ռիսկայնության աստիճանի բարձրացում»:
Ըստ դատապարտյալի, ՔԿՀ վարչակազմն ուղղորդվում է հզոր արտաքին գործոնով:
Նա հղում է անում ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը, համաձայն որի, արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:
Իսկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը երրորդ անգամ մերժում է դատապարտյալի դիմումը, ըստ էության, երրորդ անգամ դատապարտելով անձին:
Դատապարտյալի գնահատմամբ, քրեակատարողական հիմնարկը ստանձնել է դատարանի դեր, հաշվի առնելով, ոչ թե փաստացի պատժի կրումը, այլ նախկինում կատարած հանցագործության վտանգավորության աստիճանը, ինչը առիթ էր դարձել անձին մեկուսացնելու:
«Կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի, բավարար նրան ուղղելու համար:
Ես արդարադատության նախարարի 30.05. 2008թվականի 44 հրամանով սահմանված կանոններով ենթակա եմ վաղաժամկետ ազատման, կամ բաց տիպի հիմնարկ տեղափոխվելու, սակայն վեց ամիս է, ոտնահարելով իմ իրավունքները, ենթարկելով ծանր հոգեբանական սթրեսի, պահում են որպես գերու, անհիմն պատճառաբանություններով»,- գրում է Ռուբեն Ամատունին:
Ի դեպ, կալանավորը ցանկանում է գլխավոր դատախազի վերահսկողությունն հիմնարկում իրականացված ազատման վիճակագրությունների վերաբերյալ:
2013թ.հուլիսին Կոշի վարչակազմը, վարչական հանձնաժողովը 170 դիմումատուներից հավանություն է տվել 17-ին, նրանցից միայն 4-ին անկախ հանձնաժողովը հավանություն տվել, 4 –ին ազատել է դատարանը:
Սեպտեմբերին 170 –ից 23-ին է հավանություն տվել, տասնյոթը համաներումով ազատվել են, 11-ից անկախ հանձնաժողովով ազատվել են 6-ը:
Հոկտեմբերին, 117-ից 17-ն է վարչական հանձնաժողովը հավանության տվել, 17-ից 5 –ին հավանություն է տվել անկախ հանձնաժողովը, 5-ից 3-ն ազատվել են դատարանով;
Նոյեմբերին 140-ից վարչական հանձնաժողովը հավանություն է տվել 14-ին, անկախ հանձնաժողովն էլ` 14 –ին, իսկ 4-ն ազատվել են դատարանով;
Դեկտեմբերին 113-ից վարչակազմը բնութագիր է տվել 13-ին, անկախ հանձնաժողովն էլ 13 –ից 5-ին:
Փետրվարի 2-ի դրությամբ, ըստ դատապարտյալի, 9 սպասում են դատարանների որոշմանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ