Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Կարենը բառի հետ սիրախաղ անելու հրաշալի արվեստ ունի»

Փետրվար 15,2014 20:22

Այսօր «Ականաթ» մշակութային ակումբում տեղի ունեցավ հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորմամբ:

IMG_6897

«Ես որպես գրող այդքան մեծ արտադրողականություն չեմ ունենում. բանաստեղծություն գրելը շատ դժվար է: Ժամանակակից բանաստեղծությունը շատ է պահանջկոտ դարձել, որովհետև հեշտ է լինել ձանձրալի, կրկնվող և այլն: Ես գրքից գիրք փորձում եմ լեզվական նորարարություն անել: Եվ այս գիրքը, որը հիմնված է նախաքրիստոնեական շրջանից եկող հայկական հնագույն հմայությունների, խաղիկների, թուղթուգրերի ոճավորման վրա, հենց այդպիսի փորձ էր, այսինքն՝ վերադառնալ այն արմատներին, ակունքներին, որտեղից բանաստեղծությունը սկիզբ է առել և նույն ոճավորմամբ գրել ժամանակակից տեքստ, որն այստեղ և հիմա ապրող մարդու ականջին հարազատ խոսքի պես կհնչի»,- ասաց պրն Անտաշյանը:

Բանաստեղծը խոսեց նաև գրքի անվան մասին. «Ծիլի-Ծովը» փոքրիկ ջրամբար է, որը գտնվում է Տավուշի մարզի Քոլագիր գյուղի մոտ: Ես այնտեղ եմ ծառայել: Անունն այնտեղ լսել եմ, և շատ է տպավորել, հենց հնչյունների խաղը, փոքրիկ ջրամբարը, որ կոչում են ծով: Ես դա սիմվոլիկ, որպես մետաֆոր եմ ընտրել: Գիրքը ընդհանրապես ջրի և ջրից ծնված բոլոր կենդանի արարածների հարաբերությունների մասին է, և այդ ամբողջությունը կոչվում է «Ծիլի-Ծով»:

SAM_1430

Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև Ավագ Եփրեմյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Տիգրան Պասկևիչյանը, Վահրամ Մարտիրոսյանը, գրքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը և այլք: Նրանք խոսեցին գրքի, իրենց տպավորությունների մասին, ընթերցեցին իրենց սիրելի հատվածները:

SAM_1422

«Կարեն Անտաշյանը այն բանաստեղծներից է, որը գրքից գիրք աճելու միտում ունի: Պատահական չէ, որ նրա գրքերը ժամանակային առումով ուշ-ուշ են հաջորդում իրար և դառնում էս տեսակ իրադարձություն: Իրադարձություն է ոչ միայն գրքի շնորհանդեսի կազմակերպման տեսանկյունից, այլև իրադարձություն է հենց գրքի գոյությունն իսկ, որովհետև լինելով բանաստեղծի մտածող տեսակ՝ Կարենը նոր լուծումներ է առաջադրում արդի հայ բանաստեղծության կառուցվածքային զարգացմանը և նաև բովանդակային՝ ջուրն ունենալով որպես ամենակարևոր խորհրդանշան, որպես մարդու գոյության և կեցության նախահիմք«,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

SAM_1399

Շնորհանդեսին ներկա էր նաև Համազգային հայ կրթական-մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը, որն իր խոսքում ասաց. «Կարենը բառի հետ սիրախաղ անելու հրաշալի արվեստ ունի»:

SAM_1425

Հիշեցնենք նաև, որ գիրքը վաճառքում կլինի միայն 365 անվանական օրինակով՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Ընթերցողները կարող են ընտրել իրենց ուզած օրվա անվանական օրինակը և ամրագրել այն: Նախապես ամրագրածները այսօր ստացան իրենց գրքերը հեղինակի մակագրությամբ:

Հեղինակի հարցազրույցը «Ծիլի-Ծով» գրքի վերաբերյալ կարդացեք` այստեղ

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել says:

    Էս ջահելի գրքերից երևում է, որ նա սեքսուալ բնույթի պրոբլեմներ ունի, իսկ եթե սրա նմանները(Վիոլետ Գրիգորյան և այլն) դառնում են գրողների միության անդամներ, ապա կարելի է հանգիստ վերցնել բահն ու փորել հայ պոեզիայի գերեզմանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728