Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահն ասաց՝ կարող է հետ վերցնել ռուսական կողմին վաճառած «Հայռուսգազարդի» 20 % բաժնեմասը

Փետրվար 15,2014 19:43

ԵԿՄ համագումարի մասնակիցներից մեկն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց ՌԴ-ի հետ Հայաստանի  գազի պայմանագրերի ճակատագրով:

«Շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, այդ մեծ ձեռքբերումը փորձում են սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է նման պայմանագիր կնքել, փորձում են ամեն ինչ գլխի վրա շուռ տալ և մեզ ներկայացնել վատ ձևով»,-ասաց պարոն Սարգսյանը՝ անդրադարձավ նաեւ գազի սակագնին. «Նախ այս գազի պայմանագրի էությունը ո՞րն է, իմ համոզմամբ՝ գազի գինն է։ Երբևէ լսե՞լ եք, որ այս բանավիճողները խոսեն գազի գնի մասին և ասեն, որ եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք բանակցել, ու ասեն էն մեկն է վատը, էն մեկն է վատը ու էն մեկը։ Իսկ եթե լավ գին ենք սահմանել, թող ասեն՝ այո՛ գինը լավ էր, բայց այստեղ, այստեղ սխալներ կան։ Բայց չեն խոսում, որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության»:

Ինչ վերաբերում է պայմանագրով ամրագրված այն կետին, որ գազի գինը հինգ տարի մնալու է նույն ռուսական ներքին գնին համարժեք, պարոն Սարգսյանը շարունակեց. «Մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին, սա լա՞վ է, թե՞ վատ, իհարկե, մեզ համար լավ է, մեզ չկամեցողների համար՝ վատ»:

Նա նաեւ անդրադարձավ  սպառած գազի դիմաց առաջացած պարտքերի մասին խոսակցություններին. «Խոսվում է պարտքերի մասին, տարբեր որակումներ են տալիս։ Կան մարդիկ, որոնց հիշողությունը դավաճանում է և փորձում են ասել, որ ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում այդ պարտքերը պետք է արտացոլվեին և այլն և այլն։ Որ իբր մենք թաքուն բանակցություն ենք արել։ Մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես մեկ տասնյակին մոտ հայտարարություն եմ արել այս թեմայով և 2011թ-ից սկսած մշտապես ասել եմ, որ Հայաստանի սպառողների համար գազի գինը չի թանկանալու։ Ի՞նչ է նշանակում, եթե այդպիսի բան ես ասում, պետք է հասկանաս, որ հնարավոր է, պետության համար, հիմնարկի համար ներկրող գազի գինը թանկանա, բայց ՀՀ սպառողների համար գազը չի թանկանա և այդպես էլ երկու տարի եղավ»:

Նախագահ Սարգսյանը հիշեցրեց, թե բոլորին էր հայտնի, որ սկսած 2011թ-ից իրենք բանակցություն էին վարում ռուսական կողմի հետ և եկել էին այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, այլ փոխվում է հաշվարկային գինը ու հենց բանակցություններն ավարտվեն, վերջնական եզրակացության կգան։ «Երեք տարի բանակցությունները տևեցին, և ռուսական կողմը առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի 50%-ը, վա՞տ է արել, այսինքն՝ այդ 300 մլն դոլարը որտեղի՞ց է գոյացել, այսինքն, եթե մենք այդպիսի երկարատև բանակցություններ չվարեինք, ուրեմն 2011-ից սկսած գազի գինը պետք է թանկանար, և 300 մլն դոլար պետք է դուրս գար մեր ժողովրդի գրպանից»:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ «Հայռուսգազարդի»  20%- բաժնեմասերի  վաճառքի մասին. «Ասում են ինչո՞ւ են վաճառել, էժան են վաճառել։ Ինձ հետաքրքիր է, ի՞նչ էր տալիս այդ 20%-ը, եթե մենք որպես պետություն՝ ժամանակի ընթացքում վաճառել ենք 80%-ը, այսինքն՝ 80%-ը կարելի՞ էր վաճառել 20-ը չէ՞ր կարելի, թող որևէ մեկն ասի, այդ 20 տոկոսը ինչ էր մեզ տալիս, քանի լումա մեզ դիվիդենտ էր տալիս։ Կամ դա մեզ հնարավորությո՞ւն էր տալիս տնօրեն նշանակելու, կամ որոշումների վրա ազդելու։ Մեզ պետք էլ չի, որ մենք կարողանանք որոշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, որը բավարար է, որպեսզի պարտադրենք այդ ընկերությանը՝ ռուսական կլինի, թե ինդոնեզիական, գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ»:

Նախագահն ասաց, որ  ինքը հիմա էլ կարող է բանակցել և հետ վերցնել վաճառված 20 % բաժնեմասը, եթե ավելի մեծ գնով գնորդ կա.  «Հենց հիմա կարող եմ հայտարարել, եթե մեկը գտնվի, որ 20%-ի համար տա 100 մլն դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, հետ վերցնել ու 100 մլն-ով տալ այդ մարդուն այդ 20 տոկոսը։ Ասում են՝  ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ պետք է ասեմ։ Բա, որ մրցույթ անցկացնեինք, ու այդ 20%-ն արժենար 30 մլն դոլար, մենք ո՞նց էինք գնալու բանակցությունների այդ 20 տոկոսով, ո՞վ էր պատասխան տալու, ակնհայտ չէ՞, որ այդ 20 տոկոսը տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել։ Նրանք,  որոնք տարբեր հարթակներում խոսում են՝ ԱԺ-ից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող են գնալ, բանակցել և ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ, թող գնա անի, ես մեկ օրում պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ իմ կուսակիցներին, ընկերներին միանգամից այդ ամբողջը չեղյալ հայտարարել:  Բայց կա՞ որևէ մեկը, թե՞ խոսողներն են շատ, խոսելը էնքան հեշտ է»:

Նախագահը պատմեց, որ պատերազմի տարիներին էլ շատ խոսողներ կային. «Ինչքան հեքիաթներ էին պատմում, առասպելներ էին պատմում, բայց երբ որ պետք էր գնալ գյուղ գրավել, մեկի գլուխն էր ցավում, մեկի հորեղբոր տղայի քառասունքն էր, մյուսի մեքենայի ակն էր ծակվում։ Խոսելն էնքան հեշտ է»:

Անդրադառնալով երեսուն տարով գազային պայմանագիրը կնքելու մասին քննադատություններին, պարոն Սարգսյանը հավելեց. «Չարությունն այդ մարդկանց կուրացրել է, նրանք չեն հասկանում ինչ են ասում։ Ցանկացած տնտեսագետի համար պարզ չէ, ներդրումների հետ բերումը ավելի մեծ ժամանակահատվածում շատ ավելի մեծ է ազդում մեր տնտեսության վրա։ 30 տարում ենք դրել, որպեսզի իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն, 5 տարվա դնեինք, 5 տարվա ընթացքում պետք է հանեին, ո՞րն է մեզ համար ավելի լավը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գոնե մեկ միտք չկա նախագահի ասածի մեջ, որը մոտ լինի տրամաբանությանը։

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Լրիվ համաձայն եմ: ՀՀ-ի ամբողջ տնտեսությունը էժան գնով ՆՎԻՐԵԼ են Կրեմլին/Գազպրոմին՝ աթոռին մնալու համար: Մնացածը բլեֆ է:

  2. Հասմիկ says:

    Անվերջ չարությունից խոսելը չի նշանակում, թե խոսողը բարության տիպար է:
    Ընդհակառակը, սեփական սնանկության ու պրիմիտիվ մտածելակերպի դրոևորոմ:

  3. Maxim says:

    Գեղեցիկ,՝ հայուհու անունը կրող Հասմիկի կարճ մեկնաբանությունը եթե ինձ է վերաբերվում, ապա իմ
    չարությունը գալիս է՝ Հայաստանի աղետալի վիճակի՝ իմ քաջատեղյակ լինելուց։
    Իսկ սնանկության ու պրիմիտիվ մտածելակերպի դրսևորումը՝ թողնենք մի կողմ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728