Փետրվարի 15-ին Մանկական ստեղծագործական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես նվիրված սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսին: Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր տարիքային խմբերի երեխաների աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Թանգարանի տնօրեն Լևոն Իգիթյանն ասաց. «Այս նկարների մեջ մենք տեսնում ենք հայի գենետիկան, որը հազարամյակների ընթացքում չի փոխվում: Այս ամենը կուտակվելով՝ դարձել է մեծ արժեք: Մենք պատկանում ենք այն ազգերի թվին, որոնք համարձակ կարող են ասել, որ համաշխարհային մշակույթի մեջ մեր ուրույն տեղն ունենք, և դա վաղուց հաստատված է: Մեր երեխաները այս ամենով զբաղվում են՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ մենք անվերջ ազգ ենք. մեզ ոչնչացնելն անհնար է»:
Վարչապետը կարևորեց այս ցուցահանդեսը և ասաց, որ սա իրոք ազգային գենետիկայի շնորհքն է:
Կարդացեք նաև
30 տարի այս բնագավառում աշխատող նկարչուհի Սոնա Բանոյանը ներկայացրեց իր սաների աշխատանքը, որը փոքրիկ թատրոնի տեսք ուներ: Այդ աշխատանքը իրենք անվանեցին նկարների ներկայացում:
Ցուցահանդեսին իր նկարն էր ներկայացրել նաև 11 տարեկան նկարչուհի Ռաիսա Աբդալովան: Իր նկարում նա պատկերել էր Սուրբ Սարգսին:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ