Մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գեւորգյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը երեկ՝ փետրվարի 14-ի ազատվել էին աշխատանքից՝ անվստահություն աշխատակցի հանդեպ հիմքով:
Այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ այդ աշխատակիցները Մետրոպոլիտենում աշխատում են մոտ 15 տարի եւ վերջին մեկ տարվա ընթացքում չեն ունեցել գրավոր որեւէ նկատողություն կամ զգուշացում: Իսկ Մետրոպոլիտենի հասարակության հետ կապերի պատասխանատուի այն հայտարարությունը, թե դա ընդամենը համընկնում էր, Դավիթ Մանուկյանը համարում է ծիծաղելի՝ «նման համընկնումներ չեն լինում միանգամից երեք անձի դեպքում.
«Երեք անձ համընկավ, նույն օրը անվստահություն առաջացավ, հենց այնպես 15 տարվա ընթացքում, եւ այնպիսի համընկնում էր, որ այդ 3-ը մասնակցում էին Մետրոպոլիտենի վարչական շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային, եւ նրանցից ոմանք նույնիսկ «համարձակվել» էին լրատվամիջոցների հետ շփվել, հարցազրույց տալ»:
Նա այդ քայլը որակեց որպես մարդու իրավունքների ոտնահարում, ճնշում այն մարդկանց հանդեպ, ովքեր ոտքի են կանգնել իրենց իրավունքները պաշտպանելու համար: Նա համարում է, որ այս կերպ սպառնալով՝ ընկերությունը ցանկանում է մյուսներին ցույց տալ, որ բողոքի դուրս գալու դեպքում սպառնալիք կա, որ իրենք էլ կզրկվեն աշխատանքից:
Կարդացեք նաև
Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել դատարան: Նրանց խոսքերով՝ Մետրոպոլիտենի տնօրինությունը իրենց մեղադրել է՝ որպես կազմակերպիչ, որպես լրագրողների հրավիրող: Դավիթ Մանուկյանը ասաց, որ իրենք պատրաստ են նախկին աշխատակիցներին տրամադրել փաստաբան.
«Մենք կազմակերպություն չենք, չունենք հիմնարկություն եւ բյուջե, բայց մենք ունենք լավ ընկերներ, բարի մարդիկ, քաղաքացիներ, ովքեր ասում են՝ ես այս հարցով ձեզ կարող եմ օգնել: Մենք ունենք փաստաբան, որը պատրաստ է հանձն առնել այս գործը՝ դատական հայցով մտնել դատարան եւ պաշտպանել այս մարդկանց իրավունքները, այն դեպքում, երբ աշխատակիցները հայտնեն ցանկություն, որ այդ փաստաբանի կարիքն ունեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ