Այսօր ժամը 13-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկեց ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Ինչպես նախապես տեղեկացվել էր՝ համագումարի առաջին նիստն անցկացվեց դռնփակ։
Մեկ ժամից ոչ ավելի տեւած նիստի ավարտից հետո ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տ.Ուրիխանյանը ասաց, որ համագումարը որոշել է բավարարվել միայն մեկ նիստով, որի ընթացքում կազմավորվել է ԲՀԿ նոր քաղխորհուրդ՝ 201 անդամով: Համագումարին ներկա 58 տարածքային ներկայացուցիչների եւ մյուս կուսակցականների կողմից ԲՀԿ նախագահ է միաձայն վերընտրվել միակ առաջադրված թեկնածուն՝ Գագիկ Ծառուկյանը:
Իր ելույթում ԲՀԿ նորընտիր եւ անփոփոխ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, մասնավորապես. «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք ներկայացրեցինք մեր ծրագիրը և ստացանք մեծ աջակցություն ժողովրդի կողմից: Մենք ստացանք մոտ կես միլիոն ձայն: Պարզվեց, որ սա բավարար չէ` մեր պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար:
Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերն իրականացնելու:
Կարդացեք նաև
Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ:
Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:
Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:
Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս:
Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:
Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար:
Այս համագումարով մենք դնում ենք կուսակցության բարեփոխումների նոր հիմքը, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը: Մեզ շատ դժվար աշխատանք է սպասում: Ով պատրաստ է դրան` ես ուրախ կլինեմ տեսնել իմ կողքին, ում մտքին այլ բան կա` ավելի լավ է կեղծ հույսեր չփայփայի:
ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:
Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ