«Մարդու իրավունքներից անկյունաքար հանդիսացող իրավունքներից մեկը սեփականության իրավունքն է: Ձեր ստացած աշխատավարձից բոլոր այն պահումները, որոնք պարտադրվում են` սեփականության իրավունքի խախտում են: Կան դեպքեր, որտեղ պետք է ինքներս գանք եզրակացության, որպես օրինակ նշեմ երիտասարդներին` «Դեմ եմ» խմբի անդամներին»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով մարդու իրավունքների խախտումների մասին:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` իրականում գործատուները բավականին մեծ շտեմարաններով տիրապետում են շատ մեթոդների, որոնց շնորհիվ կարող են աշխատեցնել մարդկանց առանց գրանցելու ու առանց այդ վճարումները կատարելու. «Խնդիրն այն է, որ այդ կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ մեկի մոտ վստահություն չի ներշնչում: Ստացվում է, որ ստվերային աշխատանքը ձեռնտու է եւ քաղաքացուն, եւ գործատուին, ու այստեղ էլ հետեւում է, որ չունենք աշխատանքային իրավունքների պաշտպանություն: Ես վստահ եմ` աշխատանքային իրավունքների խնդիրը մեզանում դեռ երկար տարիներ մնալու է չլուծված»:
Լարիսա Ալավերդյանը գտնում է`մենք ունենք զանգվածային, տարիներ շարունակ ոտնահարվող սեփականության իրավունքներ:
Այսօր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ըստ Լարիսա Ալավերդյանի`խնդիրներ կան ժառանգության իրավունքի հետ կապված, ինչպես նաեւ նոտարներին առնչվող հարցերի դեպքում, փախստականների պարագայում, տարիներ շարունակ, նրա փոխանցմամբ` այս մարդկանց բնակարանաշինության համար գումարներ չեն հատկացվել, նրանք հաշվառված չեն եւ այլն. «Այսօր տասնյակ հազարավոր փախստականներ ունենք, որոնց խնդիրները չեն լուծվել»:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը առանձնացրեց նաեւ ամուսնալուծված կանանց առջեւ ծառացած խնդիրները, որոնք ըստ նրա ՝շատ են ու անգամ օրենսդրորեն լուծված չեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ