Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, չենք տալիս». Գեներալ Մանվել

Փետրվար 15,2014 13:24

Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի 2050 պատվիրակից ներկա էր 2041-ը, քվորումից հետո ԵԿՄ-ն սկսեց իր աշխատանքը։ Ընտրվեցին նախագահության, քարտուղարության, հաշվիչ և խմբագրական հանձնաժողովներ։ Նախագահության անդամներ նշանակվեցին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը, Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը և այլք։

«Սա լուրջ օր է, մեր երկրի, մեր պետության համար: 25 տարի առաջ մեր երկրի ղեկավարի շնորհիվ կարողացանք անկախանալ, անկախություն ձեռք բերել, Արցախը պաշտպանել: Այսօր այնքան բան ունենք, որ սաղ աշխարհով ուզում են, բայց չենք տալիս»,- ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով, պատերազմի տարիներից ԵԿՄ-ն կարևոր ներդրում է ունեցել հայոց անկախության համար. «Երկրապահ նշանակում է, երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամ ունենք՝ պահպանել ազատ, անկախ Արցախը, վստահ եղեք երկրապահն իր առաքելությունը կատարել է , կատարում է և կատարելու է: Արցախն այլևս անկախ պետություն է»:

Մանվել Գրիգորյանը կրկնեց. «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլև այն պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Մեզ հաջողվեց օրենքով ամրագրել «Երկրապահ» կամավորների կարգավիճակը: Եթե ուզում եք, որ պատերազմ չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք: Հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ Հայկական բանակի սպան մեր հասարակության ամենապաշտպանված ու հարգարժան խավը պիտի լինի»:

Ըստ գեներալի՝ բոլոր խնդիրներին բոլորից լավ տեղյակ է ՀՀ նախագահը: Նա ասաց, որ հավատում ու վստահում են Սերժ Սարգսյանին. «Դուք մեր մարտական ընկերն եք, մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայելու, որ կառուցեք հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները և որտեղ բարեկեցիկ խաղաղ կյանքով կապրի հայ ժողովուրդը…Եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը ինչ-որ չափով իրենից է կախված, որ մենք ենք մեր տունը կառուցելու ու շենացնելու, ուրեմն միասնաբար ու համախմբված իրականացնենք մեր բոլոր ծրագրերը։ Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի հարկադրենք Թուրքիային ճանաչել 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության փաստը։ Համախմբվենք ու միասնական լինենք, որպեսզի պահպանենք ու հզորացնենք Հայաստանն ու Արցախը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728