Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսի» տեսուչները թվերը «նկարել» են

Փետրվար 15,2014 14:49

Լեոյի հասցեի մի քանի բնակիչներ չեն պատրաստվում վճարել իրենց վրա բարդած էլեկտրաէներգիայի ավելի վճարները

Գազի թանկացման հետեւանքով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո Լեոյի 7 հասցեի 25, 26 բնակարանների բնակիչները ծանոթանալով հաշվիչների ցուցմունքներին՝ «շոկի» մեջ են ընկել: Այս հասցեները սպասարկող «լույսի»՝ այժմ արդեն նախկին տեսուչ Գագիկ Ավետիսյանը դեկտեմբեր ամսին սպառած էլեկտրաէներգիայի համար թիվ 25 բնակարանի բնակչի վրա 40 հազար դրամին համարժեք էլեկտրաէներգիայի վարձ է գրել:

Հունվարի ամսին նույն բնակարանի էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը գրանցել է 1700 կիլովատտ, որի համար բնակիչ Վիգեն Չապլիկյանը պետք է վճարի 60 հազար դրամ: Քաղաքացի Չապլիկյանը գտնում է, որ էլցանցի մասնագետն ինչ-որ մեքենայություններ է արել, քանի որ նրա խոսքերով՝ դեկտեմբեր ամիսն ավելի ցուրտ է եղել, եւ ինքը հոսանքն օգտագործելով 8-10 ժամ՝ սպառել է 40 հազար դրամի էլեկտրաէներգիա, իսկ հունվարին, երբ արդեն համեմատաբար եղանակը տաք է եղել, եւ ինքն էլ դեկտեմբերի վճարից հետո ավելի խնայողաբար՝ օրական 6-7 ժամ է հոսանք օգտագործել, ավելի շատ գումար են նրան դեմ տվել:

«Նույնիսկ 8 դրամով հոսանքի թանկացումը չէր կարող այնքան լինել, որ հունվար ամսվա ծախսը կազմեր 60 հազար դրամ»,- «լույսի» տեսուչի անհասկանալի հաշվարկներից զարմացած ասում է Վիգեն Չապլիկյանը: Քաղաքացին մի բացատրություն եւս ունի, թե ինչու չէր կարող 60 հազար դրամի հոսանք վառել.
«Բնակվում եմ կնոջս հետ, տանը երկու հոգի ենք, եւ սպառած էլեկտրաէներգիան էլ իմ էլեկտրական սալիկներով 14 ժամ միացնելու դեպքում 4 կիլովատտից չի անցնում: Բայց ես օգտագործել եմ ընդամենը ութ ժամ»:

Բնակիչը հրաժարվում է մուծում կատարել՝ մինչեւ էլցանցը չպարզաբանի, թե այդ ինչ թվաբանության արդյունքում է իր վրա այդքան գումար բարդել:

«Առավոտի» հետ զրույցում Վ. Չապլիկյանն ասաց, որ հունվարի 1-ից իրենց հասցեն նոր տեսուչ է սպասարկում, որն էլ բնակչին հավաստիացրել է, թե ցուցմունքները նախկին տեսուչն է կազմել, որը աշխատանքից ազատվել է: Բայց պարոն Չապլիկյանի համար մի բան անհասկանալի է՝ եթե նախկին տեսուչն աշխատանքից ազատվել է հունվարի մեկին, այդ ինչպե՞ս է հունվար ամսվա ցուցմունքները գրանցել:

Մեզ հետ զրույցում նույնպիսի մտահոգություն հայտնեց նաեւ Լեոյի թիվ 26 բնակարանի բնակիչ Ռուզաննա Մկրտչյանը, որի հաշվիչի ցուցմունքները նույնպես կասկածի տեղիք են տվել: «Նախ՝ մեր շենքերը, պանելային շենքերի համեմատ, քարից են եւ համեմատաբար ավելի տաք են, իհարկե, ես հաշվի եմ առնում նաեւ այս տարվա ցուրտը, էլեկտրաէներգիայի թանկացումը, բայց ոչ մի հաշվարկով չի լրացվում հաշվիչի ցուցմունքը: Անցած տարի ձմեռվա ամիսներին մուծել եմ մոտ 9 հազար դրամ, իսկ այս տարի դեկտեմբերի վարձը կազմել է 28 հազար դրամ, իսկ հունվարը՝ 33 հազար»:
Տիկին Ռուզաննան կասկածներ ունի, որ «էլեկտրաէներգիան բաշխում են շենքերի թվով եւ ըստ դրա՝ բաժանում բնակիչների վրա»:

Այս առնչությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից «Առավոտին» հայտնեցին, որ բնակիչների բողոքների առնչությամբ նշյալ հասցե մասնագետներ են ուղարկել: Խնդիրն ուսումնասիրելուց հետո ՀԷՑ-ից պատասխանեցին, որ դեկտեմբերի ցուցմունքները կազմվել են հենց դեկտեմբերի 28-ին, եւ այդ 3 օրը գումարվել է հունվար ամսվա ծախսերին, այդ իսկ պատճառով էլ հունվար ամսվա ծախսը ավելացել է: Մեր այն դիտարկմանը, թե 3 օրվա ծախսը կարո՞ղ էր 10-20 հազար դրամ կազմել, այդպես էլ որեւէ հստակ պատասխան չտվեցին՝ պատճառաբանելով, որ այդ երեք օրերը նախատոնական են եղել, եւ հնարավոր էր, որ բնակիչներն այդքան շատ հոսանք օգտագործեին:
Նշենք, որ մասնագետների այցից հետո էլ բնակիչները չեն բավարարվել նրանց պատասխանից, քանի որ, ըստ Վիգեն Չալպիկյանի, նրանց ասած 1700կվ/ժամը կծախսեր, եթե օրական առնվազն 14 ժամ օգտագործեր էլեկտրաէներգիան.
«Մինչդեռ ստուգողներն էլ տեսան, որ իմ ծախսը օրական առավելագույնը կազմել է 4 կիլովատտ՝ 14 ժամում»,- ասաց Վիգեն Չալպիկյանը: Նրա խոսքերով. «Այդպես էլ չհասկացա, թե ինչպես գոյացավ այդ թիվը: Ես տեղամասի պետին էլ ասացի, որ 40 հազարից ավելի չեմ մուծելու, իսկ այդքանից հետո ինձ պատասխանում է, որ ոչինչ՝ կամաց-կամաց կմուծեք: Հիմա ցուցիչը միայն հունվար ամսվա ծախսն է ցույց տալիս, եւ դեկտեմբերի տարբերությունը պետք է նայեն եւ համեմատեն, բայց այդպես էլ մնաց, եւ իրենց բացատրությունները այդպես էլ չբավարարեցին մեզ»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728