Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցումները մարտին են, մինչդեռ Մհերը մարզումները սկսել է փետրվարից

Փետրվար 15,2014 14:30

«Աշխարհի սպորտսմենները շուրջ 3 տարի մարզվում են՝ պարօլիմպիկին մասնակցելու համար, իսկ ես փետրվարից եմ սկսել մարզումները, մինչդեռ մրցումները մարտ ամսին են: Գիտեք, շատ դժվար է՝ ապրում եմ Ղարաբաղի Մոխրաթաղ գյուղում, իսկ մարզումները հնարավոր չէ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մհեր Ավանեսյանը, որը մոտ մեկ ամսից Սոչիում պարօլիմպիկ խաղերին ներկայացնելու է Հայաստանը: Մհերն այս օրերին Ծաղկաձորում մարզվում է, որպեսզի մեր երկիրը պատվով ներկայացնի: Նա պարօլիմպիկ խաղերին մրցելու է լեռնադահուկային սպորտաձեւում:

Մարզումների ուշ սկսվելու պատճառներից մեկն էլ, Մհերի խոսքերով, եղել է այն, որ իր մասնակցությունը որոշվել է հունվար ամսին, այդ պատճառով էլ մարզումները փետրվար ամսից են:

«Չնայած մարզավիճակս պահպանում եմ, բայց, այնուամենայնիվ, դժվար է մարզվել միայն մրցումներից առաջ»,- ասում է Մհերը:

33-ամյա երիտասարդը 7 տարեկանում կորցրել է 2 ձեռքը՝ պատճառը եղել է բարձր լարման հոսանքալարերին դիպչելը: Ինչպես ինքն է պատմում, 14 տարեկանից զբաղվել է լեռնադահուկային սպորտաձեւով եւ 1998 թվականից ակտիվ մասնակցություն ունեցել բոլոր պարօլիմպիկ խաղերին՝ հասնելով մինչեւ 7-րդ տեղ:
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների մասնակցությամբ մրցախաղերը այս տարի կանցկացվեն մարտի 7-ից մինչեւ 16-ը, որին կմասնակցի նաեւ Մհերը:

Նշենք, որ այս տարի մրցումներին կմասնակցեն 1650 պարօլիմպիկ մարզիկ եւ թիմերի անդամ՝ ավելի քան 45 երկրներից:

Ըստ Մհեր Ավանեսյանի՝ խաղերին իր մասնակցությունը որոշել է Հայաստանի ազգային պարօլիմպիկ կոմիտեն՝ այն բանից հետո, երբ միջազգային պարօլիմպիկ կոմիտեն հայտնել է, որ Հայաստանը կարող է միայն մեկ մասնակից ունենալ:
Այս տարվա պարօլիմպիադային կխաղարկվի 72 մրցանակ 5 մարզաձեւերում՝ դահուկային մրցարշավ, բիատլոն, սլեդջ-հոկեյ, քյորլինգ՝ անվասայլակի վրա, եւ լեռնադահուկային սպորտ:

Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728