Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործակալները բոլոր ժամանակներում, բոլոր վիճակներում իրենց ծառայությունն են մատուցում՝ առանց թոշակի գնալու»

Փետրվար 15,2014 14:18

Ասում է 1963-68թթ. «7 հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, քաղբանտարկյալ, հրապարակագիր, բանաստեղծ Մերուժանը

-Ինչպե՞ս եք գնահատում արտաքին քաղաքական իրավիճակը: Ոմանք ծայրահեղ պայթյունավտանգ են համարում, մասնավորապես, կապելով Արցախի եւ Մաքսային միության հետ:

-Արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող մարտահրավերներից առաջին կարգի բանավիճային հարցը Մաքսային միության մեջ Հայաստանի ընդգրկումն է: Դեռեւս չի ամբողջացել Մաքսային միության մեջ Հայաստանի անդամագրվելը: Դեռ հաստատուն վիճակ ստեղծված չէ:

Չմոռանանք մի ճշմարտություն. Հայաստանի հետ Ռուսաստանի ստրատեգիական բարեկամությունը միանգամայն հեղհեղուկ է, անհաստատ, որովհետեւ նույն պետությունը գերհզոր զենք է վաճառում մեր այսօրվա թշնամուն՝ Ադրբեջանին:

Ռուսաստանը կարո՞ղ է խզել իր բարեկամությունն Ադրբեջանի հետ, Հայաստանին ստրատեգիական գործընկեր լինելու պատճառով: Ոչ: Համոզված եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն փչանա, քանզի, Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն կասպիական շահեր: Կասպից ծովում նավարկում են թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի նավերը: Կասպից ծով ներխուժում են նաեւ այլ պետությունների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի նավերը: Այն պետությունները, որոնք ջանում են պանիսլամիզմ՝ Թուրան ստեղծելու ճանապարհին համագործակցել միմյանց, այդ պետությունները դաշնակից են նաեւ Ռուսաստանին:

Չմոռանանք, որ Ռուսաստանն ունի նավաշինության բնագավառում Ադրբեջանի հետ համագործակցելու բոլոր ճանապարհները, եւ համագործակցում է, գումարած դրան ձկնարդյունաբերության բնագավառում ձկնկիթ արտադրող համատեղ գործարանը: Ապշերոնյան թեյը գնում է Ռուսաստանը, Ռուսաստանը ցիտրուսային կուլտուրաներ է գնում Ադրբեջանից, Ադրբեջանը Ռուսաստանից գնում է հանածոներ: Այսինքն՝ այդ հարաբերությունները խզվել չեն կարող Հայաստանի պատճառով: Հայաստանը ռուսները չեն կորցնի, որովհետեւ Հայաստանում ամրացել են նրանք՝ ստանալով «գույք պարտքի դիմաց»՝ տնօրինելով տերիտորիալ ամբողջականության մի մասը: Ռուսաստանը Հայաստանին տնօրինում է հրամայողի կարգավիճակով, եւ ոչ՝ բարեկամի:

Մաքսային միությանն անդամակցելուն երկու խոչընդոտ կա. իսլամական պետություններն առանց ղարաբաղյան հարցը լուծելու թույլ չեն տա, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Լիիրավ անդամ դառնալու համար կա երկու պայման. կամ պետք է Ղարաբաղը հանձնել Ռուսաստանի տրամադրության տակ, կամ պետք է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Հակառակ դեպքում՝ պատերազմական վիճակ ապրող պետությունն անդամակցել որեւէ պետության՝ չի կարող, առավելեւ, երբ նրան խոչընդոտող իսլամական պետություններ կան, ինչպիսին է Ղազախստանը:
Մեր երկդիմի քաղաքականությունը սարսափելի վտանգ բերեց մեր հայրենիքին:
Ինչ է դա. 4 տարի մենք բարեկամություն էինք այնում Եվրոպայի հետ: Եվ մի օր գնացինք, նենգորեն դավելով մեր բարեկամներին, ստորագրեցինք Մաքսային միության տակ:

-Մերուժան, որքանո՞վ է ձեռնտու քրիստոնեական Ռուսաստանին՝ քրիստոնեական Հայաստանի շահերը ստորադասելը:

-Այսօր Ռուսաստանին դավանաբանական հարցերը չեն հետաքրքրում: Ռուսաստանին հետաքրքրում են Անդրկովկասի հարավային հրվանդանում՝ Հայաստանում ամրագրել իր իշխանությունը, իր հեգեմոնիան, ինչը կատարված է: Ինչ վերաբերում է քրիստոնեական կամ կրոնական որոշումներում իր հաստատուն մնալու հանգամանքին, դա երկրորդական է: Ավելին, Ռուսաստանը տրամադրում է ինչպես քրիստոնեական, այնպես էլ հրեական, բուդդայական, մուսուլմանական պետություններին կառուցել մզկիթներ, սինագոգներ եւ եկեղեցիներ:

Նույն հաստատությամբ կառուցվում են եկեղեցիներ աշխարհի բոլոր երկրներում, որովհետեւ Ռուսաստանը բազմազգ պետություններից մեկն է, որը չի կարող արգելել որեւէ ազգի իր դավանանքը հաստատել կամ աղոթավայրեր կառուցել:
-Հայտնի է, որ մինչ մարտի 1-ի հանրահավաքը մեր ներքաղաքական կյանքում նորից բարձրացվել է տարբեր ձեւաչափերով իշխանափոխության, քաղաքական վերնախավի փոփոխությունների հարցը:

Իսկապես, եղած քաղաքական կապիտալով հնարավո՞ր է իշխանափոխությունը:
-Քաղաքական կապիտալը ինչքան ցածր լինի եւ անհուսալի, երբ ժողովրդի մեջ գոյանում է ընդվզման ցանկությունը, հզորանում է նրա կամքը, եւ անկանխատեսելի երեւույթներ կարող են տեղի ունենալ:

Երկրորդ նախագահի առաջին ընտրությունից հետո մենք տարօրինակ երեւույթների ենք ականատես եղել, սկսած դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ Արամ Կարապետյանի սպանությունից, մինչեւ «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», եւ առայսօր տեղի ունեցող բռնություններ, սպանություններ՝ քաղաքական, պետական սահմանված տեռորներ, որոնց դեմ ժողովուրդն ընդվզելու իրավունք ունի եւ այսօրվա իրադրությունը պայթյունավտանգ է: Ինչպիսի արդյունք կտա մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքը, այնքան էական չի, որքան՝ ինչպիսի նախապատրաստական հոգեվիճակ կստեղծվի ժողովրդի մեջ:

– Մենք տեսնում ենք տարբեր զանգվածային միջոցառումներ: Ինչպիսի՞ն է՝ ըստ ձեզ:

– Պետությունը պետք է իր կողմից չհրահրի ընդվզման պայմաններ: Եթե հրահրում է, ժողովրդի նկատմամբ բռնություն է կիրառվում, բարձրացող ալիքը կգա եւ կծածկի նաեւ իշխանությանը: Իշխանությունն անզոր կլինի դիմադրելու: Ի վերջո, իշխանություն հո չի՞ նշանակում միայն բռնության ուժ, իշխանություն նշանակում է ժողովրդի նկատմամբ հոգատարություն դրսեւորող ուժ: Եթե դա տեղի չի ունենում, միայն ոստիկանության, ուժային կառույցների միջոցով հնարավոր չի զսպել համաժողովրդական ընդվզումը:

-Կարո՞ղ ենք նկատել, որ ուժային կառույցների ներսում էլ ինչ-որ բան այն չէ, նրանք նույնպես «շփոթված» են, իրար նկատմամբ «բացահայտումներով» են զբաղված, սպառնալիքներով, «գործ սարքելով», ոչ պատահական ինֆորմացիոն արտահոսքով:

-Դժբախտություն ունեցա մի անգամ դիտել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթը Գյումրիում, ոստիկանության աշխատակիցների ժողովում:
Զարմանալին այն էր, որ ոստիկանապետը ելույթ էր ունենում, ինչպես այլմոլորակայինը, պահանջում էր արդար եւ անկաշառ ծառայություն: Դահլիճում տեսնում էի, թե ինչպիսի հայացքներ կան: Ես ցավում էի՝ տեսնելով նրանց. այդ բարձրաստիճանների մի մասը կաշառակերությունը ծիծաղելի բան էր համարում:

Բարձրաստիճանների համար ինչ է կաշառակերությունը: Այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ ոստիկանության մեջ անսպառ են կաշառակերները, կոռումպացված խմբավորումներն ու ուժերը, որոնք համագործակցում են հանցագործ աշխարհի հետ: Ինչու է լոլո կարդում այսօրվա ոստիկանապետը:

Նույնը կատարվում է անվտանգության ծառայությունում:

Անվտանգության ծառայության երեկվա ղեկավարներից ոմանք քննադատում են այսօրվաններին, որոնք երեկվա իրենց ենթականերն են եղել:

-Ի՞նչ անուն տալ այս երեւույթին:

-Ես դա համարում եմ ժանգլյորություն: Ինչու են աճպարարություն անում անվտանգության մարմինները: Թե այսօրվա, թե երեկվա անվտանգության մարմիններում ներգրավված մարդիկ միմյանց գաղտնիքները լավ գիտեն:

Բայց կա մի հետաքրքիր բան, որը հայտնի է բոլորիս. իրավաբանական ճակատի բոլոր մարմիններում ծառայող անձինք աշխատանքից դուրս գալուց մեկ ժամ անց դառնում են զրոյական միավորներ: Որովհետեւ մեկ րոպե անց փոխվում է քաղաքականությունը, փոխվում են հետապնդման ձեւերը, փոխվում են տեռորի ձեւերը, փոխվում են բոլոր փաստաթղթային ձեւակերպումները: Նրանք քարացած վիճակում չեն մնում: Միայն նրա համար, որ երեկ նրանց կողմից աշխատողն այսօր չի աշխատում, նա այսօր գոյություն չունի: Նույնքան ծիծաղելի է դատախազի վիճակը աշխատանքից դուրս գալուց հետո. նա դառնում է փաստաբան:

-Այնպես, ինչպես ԱԱԾ աշխատակիցը դառնում է իրավապաշտպա՞ն, կամ՝ քաղբանտարկյալ՞… եւ դուք անգամ իրար կողք կողքի ասուլի՞ս եք տալիս:

-Այսինքն, նա սկսում է պաշտպանել այն մեղադրյալին, որին երեկ ինքը մեղադրում էր: Ինչ վերաբերում է քո ասած ասուլիսին, զարմանալին այն է, որ նայում էի այդ մարդուն, որը դատապարտում է այսօրվա նախագահին՝ նախորդի հետ բարեկամություն անելու համար:
Ով է ասողը: Մարդ, որը ժամանակին համագործակցել է այսօրվա նախագահի հե՞տ: Իմաստը որն է դրա: ԱԱԾ նախկին աշխատակիցը պետք է հասկանա, որ իր ցանկացած արտահայտություն արժանահավատ չի հնչում ժողովրդի համար, նույնքան անարժանահավատ է այսօրվա ԱԱԾ պետի արտահայտությունը: Դրանք հավատ չեն ներշնչում: Որովհետեւ նրանց յուրաքանչյուր ելույթ անպայմանորեն հակասում է նախորդ ելույթին: Ուստի նրանք չեն կարող ազնիվ բացահայտումներ անել: Կան նաեւ «ծպտյալների բանակ», այն գործակալների, որոնք երեկ գործակալ են, այսօր գործակալ են, վաղը գործակալ են մնալու: Որովհետեւ նրանք բոլոր ժամանակներում, բոլոր վիճակներում իրենց ծառայությունն են մատուցում՝ առանց թոշակի գնալու:
Անվտանգության ծառայությունները երեկ ծառայում էին մի իշխանության, որը
բռնակալ էր էլի ժողովրդի հանդեպ; Նույն ծառայողներն այսօր ծառայում են այս իշխանությանը: Ինչը փոխվեց: Ոչինչ չփոխվեց:

Երեկվա կոմունիստները դարձել են այսօրվա կապիտալիստներ, ժողովուրդը տառապում է թշվառության մեջ: Ինչ շահեց ժողովուրդը:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728