Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Դե, այսօրվա ջահելները…

Փետրվար 15,2014 14:57

Ինչո՞ւ պետք է հարգել երեխաների իրավունքները

Կա այսպիսի պատմություն, գուցե անեկդոտ է: Հայաստանից 80-ականներին ԱՄՆ տեղափոխված մի ընտանիքում աղջիկ երեխան, բնականաբար, դաստիարակվում է ամերիկյան չափանիշներով, եւ երբ ծնողներն ուզում են նրա վրա ձայն բարձրացնել կամ առավել եւս` ապտակել, իսկույն ասում է, որ դա նրա իրավունքների խախտում է, եւ ինքը կզանգի «911» կամ ոստիկանություն, եւ ծնողներն իրենց վարքի համար պատասխան կտան ամերիկյան օրենքի ողջ խստությամբ: 90-ականներին, երբ նրանք «տուրիստ» են գալիս Հայաստան, հայրը հենց «Զվարթնոց» օդանավակայանում իր աղջկա վրա մի լավ գոռգոռում է, ապտակում` իր բոլոր «բաց թողած հնարավորությունների» տեղը հանելով, հետո հայտարարում է` «ես մնում եմ իմ երկրում, դու էլ վերադարձիր քոնը»:
Եթե այս պատմության մեջ ինչ-որ բան չափազանցված է, ապա միայն դետալները, որովհետեւ մեր՝ հայաստանյան ընտանիքներում սովորաբար մեծ քամահրանքով է խոսվում այնտեղի՝ «արեւմտյան» բարքերի մասին: «Բա, մի երկու հատ էլ պիտի սիլլեմ երեխուս, թե չէ՝ մարդ չի դառնա»: «Ինչ գործ ունի պետությունը՝ խառնվելու իմ անձնականի մեջ»: «Հենց դրա համար էլ ընդեղ սաղ երեխեքը դուրս ընգած են»: «Մեր վզին էլ ուզում են փաթաթեն իրենց անբարոյականությունը, որ մեր երեխեքն էլ փչանան, ու ազգը քայքայվի»:

Սեղանի շուրջ «հետճաշյա» այդ խոսակցությունների մասնակիցներին, հավանաբար, չէր խանգարի հիշեցնել, որ վերոհիշյալ նորմերն ու արժեքները ամրագրված են ոչ միայն եվրոպական կամ ամերիկյան փաստաթղթերում՝ դրանք ընդունում են աշխարհի 193 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաեւ աֆրիկյան եւ ասիական տասնյակ պետություններ: Փաստաթուղթը, որի տակ ստորագրել է նաեւ Հայաստանը, կոչվում է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների մասին կոնվենցիա եւ ընդունվել է 1989 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի խնդիրը դեռ չկար: Այդ կոնվենցիայից 30 տարի առաջ ՄԱԿ-ն ընդունել էր «Երեխայի իրավունքների» հռչակագիր:

Հակիրճ մեջբերում անեմ կոնվենցիայից: Հոդված 12, կետ առաջին. «Իր սեփական հայացքները ձեւակերպելու ընդունակ երեխայի համար մասնակից պետություններն ապահովում են դրանք ազատորեն արտահայտելու իրավունք այն բոլոր դեպքերում, որոնք վերաբերում են երեխային: Ընդ որում, երեխայի հայացքների նկատմամբ ցուցաբերվում է նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն: Կետ երկրորդ. այդ նպատակով երեխային, մասնավորապես, հնարավորություն է տրվում իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ ունկնդրվել թե անմիջականորեն, թե իր ներկայացուցչի կամ համապատասխան մարմնի միջոցով, ազգային օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով» (ըստ parliament.am-ի):

Պատկերացրեք, 10 տարեկանից սկսած, եթե ծնողների մեջ խնդիր է առաջացել, երեխային դատարանում արդեն իսկ կարող են հարցնել, թե ո՞ւմ հետ է նա ուզում ապրել՝ մո՞ր, թե՞ հոր: Ճիշտ է, դատարանը կարող է նաեւ հաշվի չառնել երեխայի կարծիքն ու ունենալ իր նկատառումները: 16 տարեկանից երեխան կարող է ինքնուրույն դիմել դատարան՝ իրեն հետաքրքրող հարցերով: Եվ դա, կրկնեմ, ոչ միայն «փչացած» եվրոպացիների կամ ամերիկացիների, այլեւ Հայաստանի եւ մի քանի տասնյակ այլ երկրների օրենսդրության մեջ ընդունված նորմ է:

«Բա հենց դրա համար էլ մեր ազգային ավանդույթները վերացել են, – ճաշից հետո կբողոքեն իմ տարիքի մարդիկ,- այդ պատճառով էլ հարգանքը մեծերի նկատմամբ վերացել է, ոչ մեծ են ճանաչում, ոչ փոքր»: Թույլ տվեք տեղեկացնել, որ ճիշտ նույն խոսակցությունները կային այն ժամանակ, երբ ես էի երեխա, եւ, վստահ եմ, դրանք կային եւ կլինեն դարեր շարունակ՝ իբր, ժամանակները փոխվել են, հիմիկվա երիտասարդությունն այլասերվել է, բա մենք այդպիսի՞ն էինք եւ այլն: Այդ «բիձայական փնթփնթոցին» տուրք չտալու համար պետք է գիտակցել, որ երեխաների հարգանքը մեր նկատմամբ ուղիղ համեմատական է մեր հարգանքին՝ նրանց հանդեպ: Երեխաները «ձայնագրում են» ոչ միան մեր բառերն ու արտահայտությունները, այլեւ մեր վարքը, վերաբերմունքը:

Եվ ամենակարեւորը. մեր ներդաշնակ հարաբերությունների հիմքը պետք է լինի հարգանքն օրենքի նկատմամբ: Այն, որ եվրոպացի կամ ամերիկացի երեխան գիտի իր իրավունքները, միանշանակ դրական երեւույթ է: Տանը եւ դպրոցում պետք չէ երեխաների մեջ նիհիլիզմ սերմանել՝ «սաղ սուտ է՝ բոլորը խաբում են, դու էլ պետք է խաբես», այլ հակառակը՝ օգնել նրան մնալ խաղի կանոնների շրջանակներում ծնողների եւ ուսուցիչների հետ հարաբերություններում: Բնականաբար, վերջիններս էլ պետք է մնան այդ կանոնների սահմանում: Դա օգտակար կլինի երեխային հետագա կյանքում՝ ապօրինություններին ոչ թե հարմարվելու, այլ դրանց՝ սկզբունքի եւ օրենքի դիրքերից դիմագրավելու համար: Այստեղ, իհարկե, բացառիկ է դպրոցի դերը, բայց դա առանձին խոսակցության թեմա է:
…Այս տարվա սկզբին անչափահասների հարցով հանձնաժողովը նկատողություն էր հայտարարել ՌԴ Բրյանսկի մարզում ապրող մի դպրոցական աղջկա, որը չէր թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Այնուհետեւ այդ պատիժը չեղյալ հայտարարեցին: Ռուսաստանում «գեյ-քարոզչության» համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ մինչեւ 100 հազար ռուբլի տուգանքի տեսքով: Այս դեպքում 9-րդ դասարանցի աղջկան տուգանք չէր հասնում, որովհետեւ նրա 16 տարին չէր լրացել: Սեռական կողմնորոշման թեման «հարակից թեմա» է, որն այդքան սիրում են Մաքսային միության եւ «ազգային ինքնության» քարոզիչները, որը նույնպես պետք է առանձին քննարկվի:

Երեխայի իրավունքների համատեքստում այստեղ միայն նշենք, որ եթե երեխան թաքցնի իր սեռական կողմնորոշումը, նա նույն հաջողությամբ կարող է թաքցնել, որ կարճատես է, ձախլիկ է կամ՝ որ մտածում է ոչ այնպես, ինչպես մեծամասնությունը: Արդյունքում մենք կունենանք կամազուրկ քաղաքացիներ: Հենց այդպիսի քաղաքացիներ էլ ունենք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Վերջերս մտածում էի բանակում սպա-զինվոր հարաբերությունների մասին: Անշուշտ, յուրաքանչյուր սպա պարտավոր է խստորեն պահպանելով կանոնակարգը բացատևրելով, խոսքով կառավարի զինվորի գործունեությունները, իսկ հրամանը չկատարելու դեպքում զեկուցագիր ներկայացնի և զինվորը ենթարկվի համապատասխան պատժի: Սա է կարծես անվտանգ բանակ ունենալու ուղին: Սակայն անձնական փորձս հուշում է, որ գործանակում բանակում հավաքվում են շատ տարբեր ընտանիքներից դուրս եկած երիտասարդներ և նրանց մեջ զգալի տոկոս են կազմում այնպիսինները, ովքեր հասկանում են բղավոցը և ծեծը: Սա ոչ մի առնչություն չունի մտավոր ունակությունների հետ, ավելի շուտ կենսափորձի և աշխարհայացքի արդյունք է` նրանք այսպես են հասկանում և հասկացնում և հաղորդակցման այլ կանոն բբացի ջունգլիների օրենքից չգիտեն: Արդյունքում մենք ունենք բազմաթիվ վնասածքների և անգամ մահվան դեպքեր: Գուցե ամեն ծնող, որ տանը ձեռք է բարձրացնում իր երեխայի վրա, պատասխանատու է այս դեպքերի համար:

  2. Զավեն says:

    Պետք չէ մոռանալ,որ Եվրոպայում շատ ծնողներ իրենց երեխաների հաշվին են ապրում:Այսինքն այն միջոցների,որը պետությունը տրամադրում է երեխաների համար:Եվրոպայում երեխաները ավելի շատ պատկանում են պետությանը, քան թե ծնողին և հետևաբար երեխայի իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգվում են պետությունով:Հայաստանում ամբողջ երեխայի պատասխանատվությունը ծնողի վրա է ընկած և նա է որոշում ինչն է իր երեխայի համար լավ:Իհարկե պետք է երեխայի իրավունքը պաշտպանված լինի անբարեխիխճ ծնողից,բայց Հայաստանում,եթե անկեղծ, լավ ծնողներն ավելի շատ են քան Եվրոպայում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728