Շուրջ 25 տարվա ընդմիջումից հետո՝ օրերս Երեւանում համերգային կատարմամբ հնչեց համաշխարհային օպերային գլուխգործոցներից Պուչինիի «Տոսկան»: Օպերային արվեստի երախտավոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը մեզ հայտնեց, որ հիշյալ օպերան Երեւանում ունեցել է 4 բեմադրություն. առաջին անգամ՝ 1930-ականների կեսերին, բեմադրիչ Լեւոն Քալանթարի եւ դիրիժոր Միքայել Թավրիզյանի բեմադրությամբ եւ վերջինը՝ 1980-ականների վերջերին, դիրիժորի խոսքերով՝ «Սովետի փլուզման տարիներին իմ եւ բեմադրիչ Վահագն Բագրատունու ընթերցմամբ»: Հայտնեց նաեւ, որ առաջին անգամ Տոսկայի դերերգով Երեւանում բեմ է բարձրացել Արուս Գրիգորյանը, իսկ վերջին անգամ՝ անվանի երգչուհի Մարիա Բիեշուն: Մեր զրուցակիցը խնդրեց հիշատակել նաեւ Երեւանում տարբեր տարիներին «Տոսկայում» գլխավոր դերերգերով հանդես եկած երգիչների անունները՝ Եվգենի Խաչիկյան, Մարթա Թերզյան, Վերա Եղիազարյան, Ելենա Միքայելյան, Շարա Տալյան, Միհրան Երկաթ, Սերգեյ Դանիելյան, Արսեն Ավագյան եւ այլն:
Թերեւս մերօրյա մշակութային իրականության պայմաններում պետք չէ հաճախ դիմել «միջազգային մենեջմենթի» հնարքներին, ասել է թե՝ ապահովել լեփ-լեցուն դահլիճ, քանի որ հանգամանքների բերումով աշխարհում սփռված են նույն աշխարհին վաղուց հայտնի հայ անուններ եւ հարկ չկա պարբերաբար «միլիոններ ծախսել» նշանավոր անուն «բերելու» համար: Դրա փոխարեն անհրաժեշտ է սիրով ու հոգատարությամբ հաճախ հայրենիք հրավիրել աշխարհահռչակ հայի, որի անունն իսկ հայտագրում կապահովի լեփ-լեցուն դահլիճ, էլ չասենք օրերս կայացած «Տոսկայի» ժամանակ, երբ հանդիսականներով զբաղված էին նույնիսկ թատերահարթակի աստիճանները: Արտերկրում հայտնի մեր օպերային երգիչներից ոմանք տարբեր հանդիպումների ժամանակ հենց մեզ են ասել, որ իրենց հայրենիքում կայացած բեմելների զգալի մասը սեփական նախաձեռնության արդյունք է:
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական անդրադարձը օպերային արվեստին Պուչինիի «Տոսկան» էր, որտեղ համանուն դերերգը կատարեց հանրահայտ օպերային աստղ, սոպրանո Հասմիկ Պապյանը, որին հաստատ ներկայացնելու հարկ չկա նույնիսկ լայն հասարակությանը: Ընդ որում, Ֆիլհարմոնիկը հրավիրել էր նաեւ երգիչների, որոնք վերջին շրջանում պահանջված են հայտնի օպերային թատրոններում. Կավարադոսի դերերգով հանդես եկավ տենոր Հովհաննես Այվազյանը, ով դարձյալ օպերային աստղեր, սոպրանոներ՝ Լյուդմիլա Մանաստիրսկայայի հետ մասնակցել է Մարիինյան, Ելենա Զելենսկայայի ընկերակցությամբ՝ Մեծ թատրոնի «Տոսկա» ներկայացումներին, ոստիկանապետի դերերգով աչքի ընկած Դավիթ Բաբայանցն էլ «Արենա դի Վերոնայում», Բուսետոյի օպերային թատրոնում եւ այլն: Տպավորիչ էին բաս Հրանտ Պապյանի (Չեզարե Անջելոտի), տենոր Պերճ Քարազյանի, բաս Հովհաննես Ներսեսյանի (ոստիկանության գործակալներ), սիրիահայ բաս Պողոս Բեազբեկյանի (բանտապետ), բարիտոն Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի (եկեղեցու լուսարարապետ) բարձրակարգ կատարումները: «Տոսկայի» համերգային կատարումն իրենց բարձրարվեստ ներկայությամբ ամբողջացրին «Հովեր» կամերային երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) եւ «Սպեղանի» երգչախումբը (ղեկավար՝ Մարինա Ավթանդիլյան):
«Տոսկայի» համերգային կատարումներից հետո մասնագետները եւ պարզապես ունկնդիրները բրավոներ հնչեցնելուց զատ, նույնիսկ մինչ դահլիճից հեռանալը, համեմատում էին թոփչյանական այս ընթերցումը ճանաչված այլ մեկնաբանությունների հետ (վերջիններով ողողված է You Tube-ը), կեսկատակ-կեսլուրջ, ժպիտով էլ շշնջում էին, որ չէր խանգարի այս առիթով տեղեկանալ մեր ոչ այնքան ակտիվ երաժշտագետների կարծիքներին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ